«Միսս Հայաստան 2003», «Վիցեմիսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն «Ինստագրամ»-ի իր էջում գրել է. «Շատերդ լսած կլինեք Աշոտ Հովհաննիսյանի` երեխաներիս 71-ամյա պապիկի կալանավորման մասին: Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ, հայրենասեր ու նվիրված հայ, այսօր հավասարեցվել է հանցագործներին և զրկվել ազատությունից: Մարդ, ում տարիների ներդրումն IT ոլորտի զարգացման ու կայացման գործում իսկապես շատ մեծ է, ով ճանաչված և հարգված է ինչպես այդ, այնպես էլ այլ ոլորտներում` որպես ազնիվ և կոռուպցիայի դեմ պայքարող գործարար, հնարավորություն չունի անգամ գործի քննությանն սպասել իր ընտանիքի կողքին: Այսօր նրան կալանավորել են հապշտապ, առանց լուրջ հիմքերի: Եվ դա արվում է իր հայրենիքում, որի զարգացման ու կայացման համար նա տարիներ շարունակ պայքարում է: Պակաս զարհուրելի չէ նաև այն, որ նույն կերպ` մեկ օրում և առանց լուրջ հիմքերի կալանավորվել են ևս երկու աշխատակցուհի: Այս դեպքում էլ հաշվի չի առնվել նրանց` անչափահաս երեխաներ ունենալու փաստը»: Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունում երկու օր առաջ 7 անձ է ձերբակալվել, այդ թվում մեկ օր առաջ էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը: Ձերբակալվել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը: Էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Հովհաննիսյանը և Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, կալանավորվել են: «Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի։ Դիտեք նաև՝ |
«Սկեսրայրս կալանավորվել է իր հայրենիքում, որի զարգացման ու կայացման համար տարիներ շարունակ պայքարում է». Լուսինե Թովմասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet