galatv.am-ը գրում է. Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայության տվյալներով՝ Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ թաղամասերում մայիսի 1-ի և 2-ի սահմաններում հրթիռակոծության հետևանքով չորս հայ է վիրավորվել: Նրանք են՝ Մառլեն Փոքրավորյանը, Բենո Փիլաչյանը, Էլի Չիլաբոշյանը և Լևոն Հովհաննիսյանը։ Արձանագրվել են նաև նյութական վնասներ:
«Այո, պայթյուն եղել է, և բարեբախտաբար զոհված հայ չկա, իսկ վիրավորների մասին հստակ չգիտեմ: Կարծում եմ վիրավորները չորսն են: Իրականում այդ տվյալները դժվարությամբ ենք ստանում: Մեզ այդ մասին տեղեկացնում են Հալեպում ապրող հարազատները, բարեկամները: Այսինքն՝ պաշտոնական աղբյուր չէ: Ներկա պահին վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց և ապաքինվում են», – ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում տեղեկացրել է Սիրիայի թեմի առաջնորդ Արմաշ Սրբազանը:
Նրա խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել հայկական Նոր Գյուղում, վարժարանի հարևանությամբ: Այդ շրջանում ապրում են նաև այլազգիներ: «Հայ համայնքը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի օգնության հասնի Սիրիայում տուժած բոլոր հայերին»,- հավաստիացնում է Սրբազանը: Փորձում են նրանց օգնել թե սննդով, թե բժշկական օգնությամբ, թե գումարով:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում