Զարմանալի է, որ շատ-շատերը` նույնիսկ պրոֆեսիոնալ լրագրողները, տեղին-անտեղին բողոքում են հեռուստաընկերություններից` բողոքում հատկապես սերիալներից: Հետաքրքիրն այն է, որ բողոքելով հանդերձ գրեթե բոլորը դիտում են այդ սերիալները, և դրանք առայժմ վարկանիշով ամենաբարձր հաղորդումներն են:
Համաձայն եմ, շատ սերիալներ իրոք ցածր մակարդակ ունեն: Համամիտ եմ, որ անհրաժեշտ են ավելի լուրջ, հետաքրքիր հաղորդումներ զանազան ուղղվածությամբ: Ի վերջո, նաև պետք է գիտակցել, որ այդ սերիալները ժամանակավոր են և աստիճանաբար իրենց տեղը կզիջեն լուրջ հաղորդումներին, բարձրարվեստ կինոարտադրանքին:
Բերեմ մի պարզունակ օրինակ: 90-ականներին բողոքում էինք սեղանիկներից, փողոցային առևտրից: Հիշեցի՞ք հավանաբար այդ տարիները…Սակայն նրանք այդ ժամանակաշրջանում կատարեցին իրենց դերը, այդ սեղանիկները պետք էին այդ շրջանում և դրանով զբաղվողներից շատերը յուրացրեցին առևտրի ոլորտի նրբություններն ու առանձնահատկությունները, հետագայում դարձան լուրջ գործարարներ: Բնականաբար, սեղանիկներին փոխարինեցին կրպակները, այնուհետև խանութները, սուպերմարկետները, հիմա էլ մոլերը…
Այստեղ էլ կգա մասնագիտական վերելքի, հետաքրքիր հաղորդումների, հեռուստաներկայացումների, բարձրարվեստ ֆիլմերի նկարահանման ժամանակաշրջանը,անպայման կգա…Մի բան կարող եմ ասել, որ սերիալներում նկարահանվելով, դերասաններից շատ-շատերը աշխատանք ունեցան և ավելի վարպետորեն ու անկաշկանդ սկսեցին երևալ էկրանին…