«Հետք»-ը գրում է․ 2022 թվականին նկարահանվել ու ամիսներ անց՝ հոկտեմբերի 31-ից «Նուռ» հեռուստաընկերությամբ եթեր է հեռարձակվել «Սիրո հոդված» անվանումով սերիալը։ Սիթքոմ ոճի սերիալը նկարահանել է «Լոս Անջելես փրոդաքշն» ընկերությունը և վաճառել հեռուստաընկերությանը։
Սերիալի դերասաններից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, դիմել է «Հետքին» և պատմել, որ ինքն ու հեռուստասերիալում նկարահանված մի քանի դերասաններ չեն վարձատրվել։
Երիտասարդ դերասանի խոսքով, բազմիցս դիմել են նկարահանող պրոդյուսերին՝ Վարդգես Միրզոյանին, բայց նա տարբեր պատճառաբանություններով մինչ օրս չի վճարել։
«Նուռ» հեռուստաընկերությամբ («Արփի մեդիա ՍՊԸ») հեռարձակված սերիալը բաղկացած է 16 մասից։ Նկարահանումները, ըստ մեզ դիմած դերասանի, տևել են մոտ 50 օր։ Նկարահանումներին մասնակցել է 30 դերասան։
«Սկզբում մեզ տվեցին պայմանագրեր, որտեղ նշված չէր, թե ինչքան գումար պետք է ստանանք։ Պայմանագիրը մեկ օրինակից էր, մենք ստորագրել ենք դրա տակ։ Նկարահանումները տևել են մոտ 50 օր, որից հետո մինչև այսօր ոչ ոք գումար չի ստացել: Հեռուստասերիալում նաև նկարահանվել են հայտնի դերասաններ՝ Լևոն Հարությունյանը, դերասանուհի Արսինե Նավասարդյանը։ Նրանց գումարները տվել են, մնացած բոլորը, որոնց գումար չեն տվել, եղել են երիտասարդներ»,-պատմում է նա։
Երբ պրոդյուսեր Վարդգես (Վիկո) Միրզոյանը զանգերին չի պատասխանել, դերասանները դիմել են «Նուռ» հեռուստաընկերություն։ Այստեղ հայտնել են, թե պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը վաղուց փոխանցել են պրոդյուսերին, գնել են սերիալը, ու որ բոլոր հարցերով դերասանները պետք է կապ հաստատեն պրոդյուսերի հետ, հեռուստաընկերությունն անելիք չունի։
«Երբ գումարն ուզում ենք, ասում է՝ ես մեղավոր չեմ, որ սենց եղավ ու իմ երեխեքի բերանից կտրում ու քիչ-քիչ տալիս եմ, բայց շատ-շատերը կան, որ ոչ մի կոպեկ չեն ստացել էդքան տանջանքների դիմաց, ասում է՝ իբրև իրեն էլ են խաբել, մինչև վերջ չեն վճարել։ Բացի այդ, եթե գլոբալ նայենք, քասթինգ ստուդիաների միջոցով որևէ սերիալում նկարահանված դերասանները հիմնականում չեն վճարվում։ Երիտասարդ դերասանների նկատմամբ վերաբերմունքը լավ չէ»,-ասում է նա։
Դերասանները հիմնականում չեն բարձրաձայնում այս մասին, ավելի երիտասարդ ու անփորձ դերասանները նախընտրում են լռել, որպեսզի չզրկվեն հետագա առաջարկներից ու ֆիլմերում ընդգրկվելու հնարավորությունից։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում