Սիրեք Աստծուն,սիրեք հայրենիքը, սիրեք ծնողներին, սիրեք դպրոցը… և ոչ ոք երբեք չի ասել. սիրեք ինքներդ ձեզ: Օշոն ասում է, որ այդ գաղափարախոսությունը ստեղծել են քահանաները և քաղաքական գործիչները: Փորձենք հասկանալ` ինչու:
Մեր հասարակության ստեղծման օրվանից մարդը գրոշի արժեք չի ունեցել: <<Սիրեք աստծուն>>,- ասում է քահանան: <<Սիրեք պետությունը>>,- ասում է պետական գործիչը: <<Սիրեք Հայրենիքը>>,- ասում է մտավորականը: Ես դեմ չեմ, բայց եթե ես չգիտեմ, թե սերը ինչ է, ինչպե՞ս սիրեմ:
Մի պահ պատկերացրեք, եթե մեզ ներշնչեին, որ մենք պետք է սիրենք ինքներս մեզ: Այդ դեպքում կունենայինք այլ ազգային պատկեր, այդ դեպքում դժվար թե կգնայինք քահանաների հետևից դեպի Դեր Զոր: Եվ հլու-հնազանդ չէինք պառկի մեկ պարսիկի, մեկ` թուրքի տակ, իրար ծախելով ու նախանձելով, դարեր շարունակ: Անցյալն է կերտում ապագան: Այդ պարզ ճշմարտությունը դեռ դպրոցից է հայտնի: Ճիշտ է ասված, ահա, խնդրեմ: Հանգիստ, հլու-հնազանդ հանդուրժում ենք այժմյան այլանդակությունները պետական այրերից և հոգևոր առաջնորդներից: Ինչպես տեսնում եք, մենք ունենք այն պետական ապարատը, որը ստեղծել է մեր հիվանդ հասարակությունը, անսեր հասարակությունը: Հասարակություն, որի համար սերը մի աբստրակտ բան է: Իսկ սեր դեպի Հայրենիք`շատ կոնկրետ: Դեռ ավելին, եթե մարդը ինքնասպան է լինում, դժբախտ պատահար է, իսկ եթե մարդը վատ կարծիք ունի իր հայրենիքի կամ որևէ ազգային արժեքի հանդեպ, հանցագործ է, դավաճան և այլն… Ո'չ Եհովայի վկաներին, կեցցե' հայոց բանակը… ելնեմ Մասիսի գագաթին, թքեմ թուրքի ճակատին: Վերջինս մեր հայ պոեզիայի գոհարներից է, եթե չեմ սխալվում: Սեր առ Աստված, առ Հայրենիք, առ դպրոց, առ ընտանիք, բայց ոչ սեր դեպի ինքդ քեզ: Ես դեմ չեմ սիրո այդ բոլոր դրսևորումներին, հայրենիքներն էլ է պետք սիրել, դպրոցդ էլ կարող ես սիրել…Բայց մեզ դարեր շարունակ առաջարկել են միանգամից հայտնվել շենքի կտուրին` անտեսելով, որ դրա համար պետք է դեռ բարձրանալ առաջին աստիճանին, հետո նոր` երկրորդին: Այդ պատճարով էլ օդում ենք հայտնվել: Դրա համար էլ ինքներս մեզ չենք ընկալում: Դրա համեր էլ բանակում ծառայելը անգիտակից ու բավականին անցանկալի պարտականություն է շատերի համար, հարկ վճարելը` հիմարություն, եկեղեցի գնալը` քաղքենի կեղծավորություն, բարձրագույն կրթություն ստանալը` օժիտ, ամուսնանալը` ծնողներին կամ հասարակությանը հաճոյանալու միջոց երեխա ունենալը` հարևանի աչքը հանելու ձև, և այլն: Իրականում մեզ շատերիս այդ ամենը պետք չի, մենք չգիտենք էլ, թե ինչ է պետք: Մենք ուզում ենք ուղղակի երջանիկ ապրել, բայց ո՞նց` չգիտենք: Նայում ես մարդուն. և կրթություն ունի, և աշխատանք, ընտանիք, երեխաներ ընկերներ, փող… բայց հաճախ հոգու խորքում դժբախտ է: Միշտ իր հոգու դատարկությունը ուզում է մի բանով լցնել: Երևի դա է պատճառը որ հարուստները զբաղվում են բարեգործությամբ, աղքատները հպարտանում են, որ գող չեն, քահանաները սրբի կեցվածք ունեն, իսկ քաղաքական գործիչները` պիոներական “միշտ պատրաստ” ժպիտ: Իհարկե պատճառները շատ են, բայց ամենակարևորը սիրո պակասն է ինքդ քո հանդեպ: Առաջին քայլը`սեր դեպի քեզ, անտեսված է: Դրա համար մեզ ազգովին հետաքրքրում է հարևանի կենցաղն ու բարոյականությունը: Թե ով ինչ ասաց, ինչ արեց:
Սերը ամեն ինչի սկիզբն է, դա շատ լավ են ընկալել բոլոր նրանք, ովքեր ապրում են ժողովրդի հաշվին: Նրանք միշտ մեզ` խավարամիտներիս, կեղծ արժեքներ են դեմ տվել: Ստեղծել են բրոնզափայլ հերոսներ, և ասել, որ մենք պետք է սիրենք նրանց: Հանկարծ ինքներս մեզ հարց չտանք,թե մենք ով ենք, հանկարծ չմտածենք, որ մենք հազար հատ տենց հերոսներ ու արժեքներ արժենք: Մեզ դեմ են տվել բարոյական հաղթանակներ և ապուշություններով սերունդներ են կրթում: Պեպոյից մինչև Պավլիկ Մառոզով: Խնդրեմ, համացանցը ձեզ օրինակ: Ով ասես որ Նժդեհից ու Աստծուց չի խոսում: Մեկը` հենց ես )))) Լավ չշեղվենք:
Հիմա կասեք, թե մեր պետական գործիչներն ու քահանաները լավ էլ իրենք իրենց սիրում են: Պատկերացրեք, որ այդպես չէ: Նրանք սիրում են իրենց սերը: Ոչ թե իրենց: Հիմա կբացատրեմ:
Մարդը չի կարող ինքն իրեն սիրել հասարակությունից և իր ժողովրդից դուրս: Մարդ սոցիալական կենդանի է: Նա մենակ չի ապրում: Նա միշտ պիտի գնահատվի և ընկալի իրեն շրջապատող մարդկանց: Վերոհիշյալ խավը սիրում է ոչ թե ինքն իրեն, այլ սիրում է իր հաճույքները. դրանք տարբեր բաներ են: Այդ հաճույքները երբեմն կարող են հաճույք ստացողին հակառակ լինել, վնասել, կործանել: Քայքայել առողջությունը, շրջապատը, հարազատներին և այլն… Այն կյանքը, որ իրենք ապրում են, հաճախ պատուհաս է իրենց իսկ գլխին: Մարդ, որը ինքն իրեն սիրում է, չի կարող ամբողջ օրը խոսել բարեգործությունից, ազգաին արժեքներից ու Աստծուց, իսկ իրականում լինել վատ հայր, վատ հարևան, վատ ամուսին, վատ մասնագետ, և այլն: Եթե սիրում ես քեզ, այլ ոչ թե հաճույքներդ, ապա ավտոմատ կերպով սիրում ես ամեն ինչ, ինչը որ քեզ շրջապատում է: Իսկ իրենց մոտ էդպես չի: Կարծում եմ` կհամաձայնվեք:
Էն օրը մի որսորդի հետ էի խոսում, եղնիկ էր խփել, ասում եմ` լսի, բա մեղք չի՞: Նա շատ լուրջ ինձ պատասխանեց, որ էդ եղնիկը Ադրբեջանի սահմանից է եկել: Սկզբում ծիծաղեցի, իսկ հետո հասկացա, որ դա այսօրվա մարդու մոդելն է: Մենք տեսնում ենք մենակ այն, ինչ մեր կարճ ուղեղը մեզ կարող է ցույց տալ: Այդպես էլ ապրում ենք: Մարդ չի կարող երջանիկ լինել, եթե ապրում է համատարած դժբախտության մեջ: Դա ժամանակին հասկացան շատ քչերը: Նրանք իրենց իսկ էգոիզմից ելնելով ստեղծեցին փիլիսոփայություններ, հավատքներ, ապրելակերպեր: Նրանցից ամենառոմանտիկները ուզում էին փրկել աշխարհը: Հետո քահանաները և քաղաքական գործիչները վերցրեցին նրանց մտքերը, խմբագրեցին և ստեղծեցին այն համատարած պոռնոգրաֆիան, որը հիմա ճաշակում է մարդկությունը: Դրան կրոն են ասում, կուսակցություններ, իդեոլոգիա և այլն… Եղնիկը Ադրբեջանից էր…
Հ.Գ Ինչպես կարող եք հավատալ Աստծուն, եթե ինքներդ ձեզ չեք հավատում:
Սվամի Վիվեկանդա:
Հեղինակ` Սերգեյ Դանիելյան
Աղբյուր` ejournal.am