Երեկ երեկոյան Nokia համերգասրահում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել են ԱՄՆ-ում 2014թ. «Ժողովրդական ընտրություն» (People's Choice) մրցանակի արժանացած դերասանների անունները: Այս տարի մրցանակի են արժանացել դերասանուհի Սանդրա Բալոքն ու դերասան Ջոնի Դեպը:
People's Choice-ը ԱՄՆ-ում միակ մրցանակն է, որի հաղթողները որոշվում են համաժողովրդական քվեարկության արդյունքով:
Ըստ հանդիսատեսի` տարվա լավագույն դերասանուհին Սանդրա Բալոքն է: Նա համաժողովրդական քվեարկության արդյունքում ճանաչվել է նաև «Լավագույն կատակերգու դերասանուհի» և «Լավագույն դրամատիկական դերասանուհի» անվանակարգերի հաղթող:
Բալոքն արժանացել է նաև մրցանակի «Լավագույն կինոդուետ» անվանակարգում՝ «Ձգողականություն» ֆիլմում դերակատարման համար:
Իսկ «Ժողովրդական ընտրություն» անվանակարգին արժանացած դերասան Ջոնի Դեպը այս անվանակարգում առաջ է անցել այնպիսի դերասաններից, ինքպիսիք են Հյու Ջեքմանը, Չենինգ Տատումը, Լեոնարդո դի Կապրիոն ու Ռոբերտ Դաունի Կրտսերը:
Ըստ հանդիսատեսի՝ տարվա լավագույն ֆիլմը «Երկաթե մարդը-3» ֆիլմն է, լավագույն երաժշտական ալբոմը՝ Ջասթին Թիմբերլեյքի The 20/20 Experience-ը:
Տեղեկացնենք, որ «Ժողովրդական ընտրություն» մրցանակը շնորհվում է 1975-ից: