▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանն առաջ է մղում քրոջ որդուն. «Մեգա Մոլ»-ի համար չնչին հարկ են վճարում․«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում շուտով կբացվի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Մեգա Մոլ Մասիվ» բազմաֆունկցիոնալ առեւտրի կենտրոնը: Armtimes.com-ն ավելի վաղ գրել էր, որ այդ մոլը Երեւանի ամենամեծ մոլն է իր չափսերով, ընթակառուցվածքներով եւ նախատեսված գործառույթներով: Պարզվում է, որ մոլի կառուցապատումն իրականացվել է պատգամավորի քրոջ որդու՝ Արթուր Պետրոսյանին պատկանող «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ընկերության միջոցով: Պետրոսյանը ընկերությունը հիմնադրել է 2014 թվականին:

Արթուր Պետրոսյանը Երեւանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների ժամանակ եղել է ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 139-րդ համարը: Հանրապետական կուսակցության ավագանու ընտրությունների համար բացված կայքում Արթուր Պետրոսյանի կենսագրականում բացակայում է նրա բիզնես գործունեության մասին հատվածները: Պարզապես գրված է, որ Պետրոսյանը սովորել է Երեւան քաղաքի 179 միջնակարգ դպրոցում (Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան), ապա ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, ծառայել է ՀՀ զինված ուժերում, ՀՀԿ անդամ է եւ ակտիվ հասարակական գործիչ:

Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու հետ քաղաքապետարանն ամենամեծ գործարքը կնքել է 2016 թվականի հունվարի 21-ի՝ Տարոն Մարգարյանի որոշման հիմքով: Գայի պողոտայի 14/1 հասցեում, «Էյ Ընդ Փի Գրուպ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասին կից 1172.98 քմ մակերեսով տարածքը ուղղակի վաճառքի միջոցով քաղաքապետարանն օտարել է ընկերությանը` կադաստրային արժեքով, որը կազմում է 8 միլիոն 163 հազար դրամ: Արթուր Պետրոսյանը կամ «Էյ Ընդ Փի Գրուպ»-ն «Մեգա Մոլ Մասիվ» առեւտրի կենտրոնի հսկայական տարածքի համար վճարում է փոքրիկ գումար: Քաղաքապետարանից մեր մյուս հարցին ի պատասխան հայտնել են, որ Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Սաֆարյան 14 հասցեում գտնվող՝ դեռեւս շինարարական աշխատանքները չավարտված, առեւտրի կենտրոնի համար վճարվում է 1 միլիոն 397 հազար ՀՀ դրամ գույքահարկ: Արթուր Պետրոսյանը ժամանակին եղել է նաեւ «Լուս Աստղ շուգր» (Ախուրյանի շաքարի գործարան) ընկերության փոխտնօրենը:

Ախուրյանի շաքարի գործարանը Սամվել Ալեքսանյանին պատկանող անթիվ բիզնեսներից մեկն է: «Հետք» էլեկտրոնային պարբերականը դեռեւս 2013 թվականին գրել էր, որ Արթուր Պետրոսյանին պատկանող հողամասերից 4-ը, ինչպես նաեւ 2 բնակարան եւ 2 ավտոկայանատեղին գտնվում են Հյուսիսային պողոտայում:

Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարաններից մեկի մակերեսը 140 քմ է, իսկ այդ վայրում մեկ քառակուսի մետր անշարժ գույքի շուկայական գինը սկսվում է 600 հազար դրամից: Նա ունի նաեւ «ԳԱԶ 33021-212» եւ «Ռենջ-Ռովեր Սպորտ V-8» մակնիշի 2 ավտոմեքենա: 2013 թվականի ապրիլի 3-ի դրությամբ` Արթուր Պետրոսյանի հաշվին եղել է 350 միլիոն դրամ, 3 միլիոն 500 հազար դոլար եւ 1 միլիոն 400 հազար եվրո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին