«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 3-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում մահվան ելքով արտակարգ դեպք էր տեղի ունեցել:
Տեղեկացրել էինք, որ նույն գործարանի երկու բանվոր Ախուրյան գյուղի բնակիչ, 36 տարեկան Շիրակ Ղազարյանը եւ 41 տարեկան, Այգաբաց գյուղի բնակիչ Արմեն Թումասյանը ինչ-որ բարձրությունից վայր են ընկել: Շիրակ Ղազարյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել էր կրծքավանդակի փակ վնասվածք, կրծքավանդակի ձախ ստորին կեսի սալջարդ, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Շիրակը նույն օրը երեկոյան նաեւ վիրահատության էր ենթարկվել: Այժմ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են լավ:
Արմեն Թումասյանը ընկնելու հետեւանքով տեղում մահացել էր: Գյումրու շտապ բուժօգնության կայանի հունիսի 3-ի հերթապահ բուժքրոջ՝ Սվետլանա Արամյանի խոսքով՝ Արմենի որովայնի եւ դեմքի շրջանում առկա են եղել արյան հետքեր: Խոսակցություններ եղան նաեւ այն մասին, որ ընկնելու հետեւանքով վերջինիս փորի հատվածն ամբողջովին պատռվել է:
ՀՀԿ-ական պատգամավորի սեփական շաքարի գործարանում տեղի ունեցածի հանգամանքները դեռ չի բացահայտվել: Ինչպես armtimes.com-ին փոխանցեցին ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քր. օր. 241 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն հանդիսացել է մարդու մահվան պատճառ: ՀՀ ՔԿ-ի լրատվության բաժնի փոխանցմամբ, դեպքի հանգամանքները պարզելու համար իրականացվում են համապատասխան գործողություններ: Տպավորություն է ստեղծվել, որ այս դեպքի մասին բոլորը ցանկանում են լռել: Մասնավորապես, Այգաբացի համայնքապետ Սասունիկ Վանեցյանը կցկտուր խոսելով դեպքի մասին, նշեց, որ չգիտի, թե շաքարի գործարանում ինչ է եղել: armtimes.com -ին հասել էին տեղեկություններ, որ Շիրակ Ղազարյանը, Արմեն Թումասյանը ինչ-որ մեծ տարաներից գնացքի վագոնների հումք են տեղափոխել, որի ընթացքում գնացքը շարժվել է, եւ իրենք վայր են ընկել: Երեկ մեկ այլ աղբյուրից ստացած տեղեկության համաձայն, տուժածներն ամենեւին էլ ընթացքի մեջ գտնվող գնացքից չեն ընկել, ավելին՝ ընկնողները ոչ թե երկու, այլ երեք հոգի են եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում