ԱԺ-ում շարունակվում է ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը վավերացնելու հարցի քննարկումը: «Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ելույթում փորձեց իրավիճակը պատկերավոր ներկայացնել.
«Եթե ընտանիքը կազմակերպված չէ, եթե ընտանիքում կան անդաստիարակներ, անբարոյականներ, ի՞նչ են մտածում հարևանները: Մտածում են՝ ինչպես օգտվել այդ չկազմակերպված ընտանիքից: Մեկը խնդիր է դնում՝ հասնել մինչև խոհանոց, մյուսն էլ՝ ննջարան: Նույնը պետությունների դեպքում: Ո՞ւմ ենք մեղադրում: Թույլը փորձում է պատճառը հարևանների մեջ գտնել: Ասում են՝ կազմակերպվի, դուռդ փակի, որ գողը չմտնի քո տուն: Սա աքսիոնա է: Ի՞նչ կապ ունեն ՌԴ-ն ու ԱՄՆ-ն, որ այս վիճակում ենք: Դարերի ընթացքում գերանը մխրճել են մեր աչքի մեջ ու փորձում ենք հարևանների աչքերի մեջ փուշ գտնել: Ո՞նց եղավ, որ առաջին դարում ունեինք հզոր երկիր, այսօր այն ափի չափ է: Բոլորն օգտվում են մեր թույլ տված սխալից»,-ասաց պատգամավորը:
Ապա անդրադարձավ ներկայիս վիճակին.
«4 տարի առաջ բոլորս գնում էինք ԵՄ: Կար Արցախի, անվտանգության խնդիրը: Հարցնում էինք, թե ո՞ւր եք գնում, պատասխանում էին, թե խոսել ենք, պայմանավորվել: ՌԴ-ն էլ ասում է՝ եղբայր, ո՞նց հասկանանք, հայ-թուրքական սահմանին ռուս զինվորն է կանգնած, դու ամբողջությամբ մեր անվտանգության համակարգում ես գտնվում, քո տնտեսությունն այս տարածքում, այդ ո՞ւր ես գնում: Դե շուտ ճանապարհդ փոխի ու արի Մաքսային միություն: Եթե ՀՀ-ն չգնար ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, այսօր այստեղ չէր հայտնվի: Ռուսաստանի համար շահեկան չէր, որ ՀՀ-ն մտներ Մաքսային միություն: Մենք նման ենք սիրառատ կնոջ, ով օրվա կեսը մի տղամարդու է սիրո հավատարմության երդում տալիս, օրվա երկրորդ մասն էլ հակառակորդին: Ով ավելի իրավունքներ ունի՝ փակում է կնոջը՝ մտածելով, որ «ձախ» կգնա: Սա է իրականութունը: Ռուսաստանի վրա շատ թանկ նստեցինք.4 միլիարդ դոլար ծախսեց, որ համոզի Բելառուսին, Ղազախստանի, իսկ վաղն էլ մեր ղրղզ եղբայրներին պետք է համոզի: Մեր թշնամին իր չեզոք վիճակով ավելի շահեկան վիճակում է»:
Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ նաև շատ կարևոր մի խնդրի՝ Արցախի հարցին.
«Եթե վաղը պարտադրեն մաքսային կետ դնել, ի՞նչ եք անելու: Պատասխանում եք, որ այդպիսի հարց չի բարձրացվել: Նրանք ինչո՞ւ պետք է բարձրացնեին, դու պետք է բարձրացնես: Դու պետք է ասես՝ Արցախի քաղաքական, տնտեսական անվտանգության միակ երաշխիքը ՀՀ-ն է: Շատ կարճ ժամանակում Ղազախստանը բարձրացնելու է այս հարցը: Եվ դուք ոչինչ չեք պատասխանելու: Չգիտեմ միջազգային որևէ նորմ, որ հոտնկայս երդումն ավելի կարևոր է, քան միջազգային նորմերն ու կոնվենցիաները: Էս ո՞ւմն ենք խաբում: Ինչո՞ւ ենք ապակողմնորոշում մարդկանց»: