Ռուս պրանկերներ Վովան (Վլադիմիր Կուզնեցով) եւ Լեքսուսը (Ալեքսեյ Ստոլյարով) այս անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին:Գրեմինգերը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
«Ես ցանկանում եմ հավաստիացնել, որ ԵԱՀԿ-ն աջակցում է ցանկացած բարեփոխումների, որը մտադիր է իրականացնել Հայաստանը: Մասնավորապես, տեղեկանալով ընտրություններից առաջ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ձեր ծրագրերի մասին՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ ԵԱՀԿ-ն, մասնավորապես Ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների գրասենյակը, պատրաստ են աջակցել Ձեր այդ նախաձեռնությունը»,- ասել է Գրեմինգերը:
Վարչապետի անունից պրանկերները հետաքրքրվել են, թե ով է մեղավոր Մինսկի համաձայնությունների չկատարման համար: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատասխանել է, որ պատճառը, թերևս, կողմերի քաղաքական կամքի բացակայությունն է:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ Վլադիմիր Կուզնեցովն ու Ալեքսեյ Ստոլյարովը կատակել էին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հետ՝ զանգահարելով նրան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:
Նրանք Ջոնսոնի հետ քննարկել էին Ռուսաստանի մասնակցությունը ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման, լրագրող Քսենիա Սոբչակի լոնդոնյան այցի, Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին վերաբերող հարցեր: Կատակի վերջում Ջոնսոնը գլխի է ընկել, որ չի շփվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վայր է դրել լսափողը:
Կարդացեք նաև` Ով է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի հետ խոսել Նիկոլ Փաշինյանի անունից