▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոստոմյանը Ծառուկյանին գերադասում է Կարապետյանից.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի երկու օր առաջ արած հայտարարությունը անկյունաքարային է դառնում Հայաստանի ապագա իշխանության կառուցվածքի ուրվագծման հարցում: Սեպտեմբերի 28-ին Ռոստոմյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է կատարվում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում՝ ասել էր. «Սամվել Կարապետյանը, ով մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ եւ տեւական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել, մարզաձեւին ծանր հարված հասցրեց, եւ եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ: Փառք Աստծո, այսօր ՀԱՕԿ-ի նախագահի շնորհիվ թե՛ ծանրամարտը եւ թե՛ ըմբշամարտը որեւէ խնդիր չունեն»:

Հրաչյա Ռոստոմյանը, լինելով կառավարության անդամ, կասկածի տակ է դնում Սամվել Կարապետյանի  հայ մեծագույն բարերար լինելու հանգամանքը,  եւ Գագիկ Ծառուկյանին գերադասում է Կարապետյանից: Եթե դա աներ «Ծառուկյան» դաշինքի որեւէ պատգամավոր, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, բայց դա անում է վարչապետ  Կարեն Կարապետյանի կառավարության անդամը, մի մարդ, ով տեսկանորեն Կարապետյանի ենթական է, բայց գործնականում Հայաստանի կառավարությունում ամեն ինչ քվոտավորված է, եւ Ռոստոմյանը Կարապետյանի ենթական չէ: Վարչապետ Կարեն Կարապետյանը, որպես Սամվել Կարապետյանի հովանավորյալ, պետք   է անմիջապես հասներ Ռոստոմյանի պաշտոնանկությանը: Քանի որ վարչապետին հարիր չէ ղեկավարել մի կառավարություն, որի անդամը Սամվել Կարապետյանին մեղադրում է Ըմբշամարտի ֆեդրեացիային ծանր հարված հասցնելու մեջ:

Բայց Ռոտոմյանի հայտարարությունից անցել է երկու օր, եւ նա շարունակում է պաշտոնավարել: Գաղտնիք չէ, որ Ռոստոմյանը այդ պաշտոնում է Գագիկ Ծառուկյանի քվոտայով: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը Գագիկ Ծառուկյանից վերցվել է մի շատ կարճ ժամանակով՝ 2013-2014թթ., երբ նախարար նշանակվեց Յուրի Վարդանյանը, իսկ դրանից առաջ եւ հետո այն եղել է Ծառուկյանի ազդեցության ոլորտում: Եթե Ռոստոմյանը շարունակում է պաշտոնավարել, եւ Ծառուկյանի կողմից որեւէ  արձագանք չկա Ռոստոմյանի հայտարարության վերաբերյալ, նշանակում է՝ Ծառուկայնն ինքն էլ համաձայն է Ռոստոմյանի հայտարարության հետ:

Ռոստոմյանին պաշտոնանկ կարող էր անել նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց մի պայմանով, եթե ունենար նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնությունը, այսինքն՝ Սարգսյանը թույլ տար, որ այդ նախարարությունը վերցվեր Ծառուկյանի ենթակայությունից: Բայց քանի որ Ռոտոմյանը շարունակում է պաշոնավարել, նշանակում է՝ նախագահ Սերժ Սարգսյանը եւս համաձայն է Ռոստոմյանի ձեւակերպումների հետ:

Ստացվում է, որ Ռոստոմյանի հայտարարությունը հավանության է արժանացել եւ՛ Ծառուկյանի, եւ՛ Սարգսյանի կողմից: Միակ մարդը, ով հայտարարություն տարածեց ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի, նրա եղբայրն էր՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը: Կարեն Կարապետյանը, ըստ էության, պահանջել է, որ Ռոստոմյանը հրաժարական ներկայացնի, կամ վերադասը նրան ազատի աշխատանքից: «Եվ ուրեմն, եթե մարդը չի կարողանում աշխատել, այլ զբաղված է անիմաստ դատողություններով, ուրեմն պետք է եզրակացություններ անի եւ տեղը զիջի կարող ուժերին»,- ասված է Կարեն Կարապետյանի տարածած հայտարարության մեջ:

Մամուլը գրել էր, որ ի պատասխան Ռոստոմյանի հայտարարության՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել ստուգումներ իրականացնել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում: Բայց ՊԵԿ-ը պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, թե Ծառուկյանին պատկանող ընկերություններում իրականացվող ստուգումները պլանային են եւ ոչ մի կապ չունեն Ռոստոմյանի հայտարարության հետ: Ավելին՝ ՊԵԿ-ի հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ ավելի շուտ Ռոստոմյանի հայտարարությունը կապ ունի ՊԵԿ-ի ստուգումների հետ՝ Ծառուկյանը ոչ թե նախահարձակ է եղել, այլ ընդամենը պաշտպանվել է:

Անկախ ամեն ինչից, պետք է արձանագրել, որ «Ծառուկյան» դաշինքը եւ անձամբ Գագիկ Ծառուկյանը վարչապետ  Կարեն Կարապետյանին այսուհետ դիտարկում են որպես անձնական թշնամի, եւ առաջիկայում մենք դաշինքի ու կառավարության խորհրդարանական դուելների ականատեսը կլինենք: Իսկ թե ինչով կավարտվեն դրանք, եւ ով ում կտապալի, պարզ կլինի միայն ապրիլի 9-ից հետո»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին