Ինչպես գրում է footballcity.am կայքը, Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի Դինամոյի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է իր ծննդավայր Երևան քաղաքի մասին:
- Հայաստանի մայրաքաղաքում ապրել եմ մինչև 18 տարեկան, իսկ հետո տեղափոխվել եմ Սանկտ-Պետերբուրգ: Արդեն 20 տարի է անցել և այդ պատճառով հիշողությունները աստիճանաբար վերանում են: Քաղաքի պատմությունը այնքան էլ լավ տեղյակ չեմ, սակայն, հասկանալի է, որ այն շատ հին քաղաք է: Երևանի կենտրոնում շատ են հին շենքերը, իսկ ահա ծայրամասերում ավելի ժամանակակից շինություններ են կառուցում: Ընդհանրապես, շինարարության ժամանակ շատ են օգտագործում տուֆը` լավաներից առաջացած քարը:
- Եթե ծանոթներիցդ մեկը գա Երևան, ի՞նչ ցույց կտաս առաջին հերթին:
- Հավանաբար` Հանրապետության հրապարակը` իր գեղեցիկ շենքերով: Կամ կգնանք Սևանա լիճ, սիրում եմ այնտեղ լինել: Ճիշտ է` ստորերկրյա աղբյուրների պատճառով ջրի ջերմաստիճանն այնտեղ 15 աստիճանից չի բարձրանում, սակայն կարելի է ջուրը մտնել: Ընդ որում` պետք է նշեմ, որ Երևանում ես ինքս էլ ինչ-որ չափով հյուր եմ, ինձել է հարկավոր էքսկուրսիայի տանել: Վերջիվերջո, հավաքական ժամանելիս լինում եմ միայն բազայում և մարզադաշտում:
- Երևանում բնակարան չունես, բարեկամներ չեն մնացե՞լ:
- Բնակարան չունեմ: Միայն եղբայրս է մնացել և հանդիպում ենք, երբ հավաքական եմ մեկնում: Ինչ վերաբերում է ծնողներիս, ապա հայրս, ցավոք, մահացել է, իսկ մայրս ապրում է Ստավրոպոլում:
- Ինչքան գիտեմ, դու ուկրաինական արմատներ ունես:
- Այո, մայրս սկզբում մեկնեց Ուկրաինա` տատիկիս խնամելու: Իսկ Ստավրոպոլի երկրամասում հանգստանալիս այնտեղ տուն էր գնել բնակարանի վաճառքից մնացած գումարով:
- Ինչպե՞ս է անցել մանկությունդ Երևանում:
- Մանկությունս անցել է բակում: Հիմա երեխաները նստում են տանը` համակարգչի առջև, իսկ այն ժամանակ միայն մեկ տարբերակ կար` իջնել բակ, ընկերների հետ խաղալ: Սկզբում մանկական խաղեր, հետո ֆուտբոլ: Հիմնականում ասֆալտի վրա: Ֆուտբոլային դպրոցներում էլ այն ժամանակ պայմաններն լավը չէին, և չես կարող համեմատել այսօրվա պայմանների հետ: Եթե կարողանում էինք տաք ջրով լվացվել, ապա դա մեծ հաջողություն էր:
- Քանի՞ տարեկանից ես զբաղվում ֆուտբոլով:
- Երևանի մանկապատենական դպրոց ընդունվեցի 9 տարեկանում: Սկզբում վազում էի խաղադաշտում, մեկ անգամ մեր դարպասապահն անհաջող խաղաց, ինձ առաջարկեցին կանգնել դարպասում, այդպես էլ մնացի դարպասապահ: Այն ժամանակ, եթե չեմ սխալվում, 11 տարեկան էի:
- Դպրոցում լա՞վ էիր սովորում:
- Մինչև 9-րդ դասարանը` գերազանց: Հետո ոչ այնքան, իսկ 10-րդ դասարանը ցածր գնահատականներով ավարտեցի, որովհետև ինձ ֆուտբոլիստ էի երևակայում:
- Հայկական դպրոցու՞մ ես սովորել:
- Ոչ, ռուսական: Այն ժամանակ Հայաստանում դպրոցների երևի 70 տոկոսը ռուսական էին: Այժմ, կարծում եմ` 50/50, կամ էլ հայկականները գերակշռում են: Սակայն իմ հայրենիքում ռուսերեն դեռևս լավ են խոսում, հավաքականի երիտասարդ տղաները դրա վառ ապացույցն են: Իմիջիայլոց, մեր ընտանիքում ամենալավը ես եմ հայերեն խոսել: Ծնողներս այդպես էլ չսովորեցին, եղբայրս գնում էր ռուսական մանկապարտեզ և դպրոց, իսկ ինձ տվեցին հայկական մանկապարտեզ, հեշտ չէր ռուսականում դասավորելը: 5 տարեկանից լավ խոսում էի հայերեն, իսկ 8-9-րդ դասարաններ արդեն հայերեն մտածում էի: Սակայն դա երկար չտևեց:
- Խոսելով Մոսկվայում բնակվող հայ գործընկերներիս հետ` գիտեմ, որ հայրենիքում քեզ շատ ջերմ են ընդունում: Նրանք նույնիսկ ասում են, որ Մխիթարյանը, ով համաշխարհային ֆուտբոլի աստղ է դարձել, չի կարող իր հեղինակությամբ համեմատվել քեզ հետ: Ինչու՞ են քեզ այդպես սիրում:
- Չգիտեմ: Հնարավոր է առանձնանում եմ շեկ մազերովս (համստ ժպտում է): Իսկ եթե լուրջ, ապա հավանաբար դա այն պատճառով է, որ ես 16 տարեկանից ելույթ եմ ունենում ազգային հավաքականում: Ես էլ զգում եմ այդ համակրանքը ու շատ եմ գնահատում այն և անչափ շնորհակալ եմ երկրպագուներին աջակցության համար: