1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում ծնվել է հայ մեծանուն բանաստեղծ, գրող, գրականագետ Պարույր Սևակը:
Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։
1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով Սևակը ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է լավագույն ուսանողներից մեկը։ 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարը։ Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։
Ստորև` գրողի ստեղծագործություններից.
***
Ամենից դժվար բանը սիրելն է:
Իսկ ոտներիցս բարի բա՞ն – չկա՜:
Իրենց շարժումով, որ քայլ է կոչվում,
Նրանք ուզում են հենց ա՛յն կրճատել,
Ինչի անունը տարածություն է,
Հեռավորությո՜ւն,
Որ և մեր միջև
Ձգվել է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:
Խավարի համար պատասխանատուն
Իմ մտքերը չեն,
Այլ իմ աչքերը,
Որ քեզ են ուզում կենդանացնել:
Եվ բույնն աստղերի ոչ թե երկինքն է,
Այլ խոտն ու թուփը,
Եվ իմ քայլերով
Խրտնեցնում եմ ես նիրհած աստղերին.
-Իմ չարությունը արդարացի է:
Կա գիշերային ինչ-որ մի թռչուն,
Որ քրքիջով է միշտ արդարացնում
Իր գոյությունը և մթան կյանքը:
Ես, ի՜նչ է, չկամ թռչունի չա՞փ էլ:
Ու տուն եմ գալիս՝
Իմ բույնն եմ դառնում,
Որ արդարացնեմ իմ գոյությունը:
Խրտնած աստղերը նորից թառում են խոտին ու թփին,
Քաղաքավարի «շնորհակա՜լ եմ» ասում ոտքերիս,
Բարի՛ ոտքերիս,
Որ ուզում էին սրտանց կրճատել
Ա՛յն,
Ինչ կոչվում է հեռավորություն,
Եվ ինչ մեր միջև ձգվում է իբրև մի մե՜ծ քմծիծաղ:
Բայց թռչունի չափ ես չկա՛մ իրոք.
Ես թևե՛ր չունեմ,
Եվ անկարող եմ նաև քրքըջալ
(Քրքիջի համար ո՜ւժ է հարկավոր):
Եվ իմ քրքիջը հազիվ դառնում է… նո՛ւյնպես քմծիծաղ…
***
Մեր ձեռքերը միացան,
Միայն երկու ձեռքերը:
Եվ մեր ձեռքերը կարծես
Ձեռքեր չէին
Այլ… նեղուց.
Ու խառնվեցինք մենք իրար,
Որպես երկու մոտիկ ծով,
Որ անջատված են վաղուց…
***
Քո աչքերի՛, քո աչքերի՛, քո աչքերի՛ պատճառով
Իմ աչքերը ամբո՛ղջ գիշեր, ամբո՛ղջ գիշեր չե՜ն փակվում:
Քո մատների՛, քո մատների՛, քո մատների՛ պատճառով
Իմ մատները, իմ մատները լո՜ւյս են ուզում խմորել:
Քո թևերի՛, բա՛ց թևերի, մե՛րկ թևերի պատճառով
Իմ աչքերին, իմ աչքերին ջրվեժնե՜ր են երևում:
Քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛, քո ծիծաղի՛ պատճառով
Իմ ծիծաղը, իմ ծիծաղը պաշտոնաթո՜ղ է դարձել:
Քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛, քո քայլվածքի՛ պատճառով
Լսողությամբ սահմանապա՛հ, սահմանապա՜հ եմ դարձել:
Քեզ այս ձևով ունենալու-չունենալու պատճառով
Կորցրել եմ ունեցածս` հպարտությո՜ւնս հաղթողի…