Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է քաղաքապետարանի կողմից ոլորտում իրականացված ծրագրերն ու խոսել ուսումնական տարվան ընդառաջ նախապատրաստական աշխատանքների մասին: Մասնավորապես նշվել է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության 159 դպրոցներում 2013-2014 ուսումնական տարում սովորել է ավելի քան 79 հազար աշակերտ, որոնցից 6858-ը այս տարի ավարտել է հիմնական, 441-ը`միջնակարգ դպրոցը: Սովորողների առաջադիմությունը կազմել է 97%, իսկ ուսման որակը՝ 45%: Հանրակրթության վարչության պետը նաև ընդգծել է, որ մշտապես ուսումնասիրվում են սոցիալական ցանցերով և «Թեժ գիծ» հեռախոսահամարով ստացված ահազանգերը և արագ քայլեր ձեռնարկվում բարձրացված հարցերի ու խնդիրները կարգավորելու նպատակով: Այս կերպ ստացված դիմումների հիման վրա եղել են նաև աշխատանքից ազատելու դեպքեր:
Մանկապարտեզներ մատակարարվող սննդի որակն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքների հետ կապված՝ հանրակրթության վարչության պետը նախ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում սննդի որակի վերահսկողությունը ամենօրյա հսկողության ներքո է: Աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչությունների, ինչպես նաև վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան բաժինների կողմից պարբերաբար ստուգվում է ոչ միայն մանկապարտեզներ մատակարարվող սննդի որակը, այլև մանկապարտեզներում դրանց պահպանման պայմանների ապահովումը, սննդի պիտանության ժամկետները: Կասկածելի սննդամթերքը նմուշառվում և ուղարկվում է փորձաքննության: Անդրադառնալով Նոր Նորքի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին «Էդվարդ Մխիթարյան» ԱՁ-ի կողմից անորակ թռչնամիս մատակարարելու դեպքին՝ Գայանե Սողոմոնյանը, խստորեն դատապարտելով երևույթը, շեշտել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ վերահսկողությունն այսուհետ էլ ավելի խիստ և ուժեղացված է լինելու:
«Մենք իսկապես ցնցված ենք տեղի ունեցածով: Դեպքի օրը, վերոնշյալ մանկապարտեզների տնօրենները գտնվել են արձակուրդում: Իսկ մատակարարն այդ օրը գործել է հապճեպ և, թռչնամիսն անմիջապես թողնելով մանկապարտեզում, հեռացել: Ի դեպ, այդ օրը տվյալ մատակարարն առաջին անգամ էր սնունդ մատակարարելու: Ինչ վերաբերում է սննդի ընդունմանն ու հանձմանը, ապա նշեմ, որ մատակարարը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ավելին, մանկապարտեզների սնունդ ընդունող պատասխանատուների փաստաթուղթ ներկայացնելու պահանջին ի պատասխան նա նշել է, որ շտապում է և բոլոր ձևակերպումները կկատարի ավելի ուշ: Դեպքից անմիջապես հետ ոստիկանության աշխատակիցները առգրավվել ու կապարակնքել են ապրանքը և ուղարկել փորձաքննության»,- նշել է Գայանե Սողոմոնյանը: