«Երևանում մոլլում» արդեն տեղադրել են «Քարֆուր»-ի գովազդային պաստառը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Նախագահի՝ եկող շաբաթ Հայաստան կատարվելիք պետական այցի ընթացքում Ֆրանսուա Օլլանդը այցելելու է այն վայրը, որտեղ հետագայում տեղակայվելու և բացվելու է Կարֆուրի առաջին հիպերմարկետը։
Նշենք, որ «Կարֆուր»-ի` Հայաստան մուտք գործելու մասին խոսվում էր դեռևս 2012-ի սկզբներից, իսկ արդեն նոյեմբերին` հստակ նշվում էր առաջին հիպերմարկետի վայրը` «Դալմա Գարդեն Մոլ»-ը: Սակայն ֆրանսիական ընկերության հիպերմարկետն այդպես էլ չբացվեց: Այժմ նշվում է, որ «Կարֆուր»-ի առաջին հիպերմարկետը բացվելու է հոկտեմբերին:
Տարբեր ժամանակներում նաև խոսակցությունն էին պտտվում, որ հայ օլիգարխներն են խոչընդոտում «Կարֆուր»-ի մուտքը Հայաստան. այս խնդրին անդրադառնալով, ի դեպ, ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը մի առիթով հայտարարել էր, որ ՀՀ իշխանությունները պարզապես չեն կարող կասեցնել «Կարֆուր»-ի մուտքը:
Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, թե ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը «Քարֆուրին» է վաճառել իր «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը. նշվում է նաև, որ Ալեքսանյանը միայն բիզնեսն է վաճառել, իսկ «Երևան Սիթի» սուպերմարկետների տարածքները վարձակալությամբ է տվել: Ինքը` Ալեքսանյանն, ամեն կերպ հերքում է այս լուրերը:
«Ժողովուրդ» թերթն էլ, նշելով, որ տարբեր երկրներում ավելի քան 15 հազար առևտրական կենտրոն ունեցող «Կարֆուր»-ը հիմնականում ինքն է ներկրում իր հիպերմարկետներում վաճառվող ապրանքը, վերջերս գերց, թե տնտեսագետների պնդմամբ` «Կարֆուր»-ում ապրանքները համեմատաբար էժան գներով են վաճառվում, հետևաբար` ֆրանսիական ցանցի` հայկական շուկա մուտք գործելուց հետո հայ գործարարներից շատերի համար խնդիրներ կառաջանան:
Լուսանկարը`Ֆաինա Հարությունյանի ֆեյսբուքյան էջից