Համաձայն մեր ունեցած տեղեկությունների` Նուբարաշեն համայնքի էլեկտրական ցանցերի պետ Վեսմիր Հովսեփյանն այս պաշտոնը զբաղեցնում է` չունենալով բարձրագույն կրթություն: Տեղեկատվության իսկությունը ճշտելու համար կապ հաստատեցինք Վեսմիր Հովսեփյանի հետ.
«Ոչ, ճիշտ չէ այդ տեղեկությունը, ավարտել եմ Սննդի տեխնիկումը, տեղամասի պետ եմ արդեն 20 տարի»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նա:
Վեսմիր Հովսեփյանը հերքեց նաև դղյակ կառուցելու և թանկ մեքենա վարելու մասին լուրը` ասելով.
«Ձեր ինչի՞ն է պետք, ես կարող եմ չպատասխանել Ձեր հարցերին: Քամին որտեղի՞ց ա փչում: Ունեմ սովորական տուն, իսկ մեքենան էլ...4000 դոլարանոց մեքենան թանկ մեքենա ա՞: Ազիզ ջան, Ձեզ սխալ ինֆորմացիա են տվել, ես գիտեմ, թե որտեղից է դա գալիս»:
Տեղեկատվության սխալ կամ ճիշտ լինելուց բացի, փորձեցինք էլեկտրական ցանցերի պետի կարծիքն իմանալ` էներգիայի թանկացման մասին: Ասում են` թանկացրել են` ցանցերի տնօրենների անձնական կարիքները հոգալու համար:
«Նման բան չկա: Թանկացողը թանկացրել ա, մենք ինչ կապ ունենք: Վնասով էին աշխատում, թանկացրել են»: