«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո Հայաստանում արգելվել էր զենքի վաճառքը: Այս տեղեկությունը ճշտելու համար մեր թղթակիցը որպես գնորդ այցելել է զենքի վաճառքով զբաղվող խանութներ:
Խանութներից մեկում, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, աշխատակիցը մանրամասնորեն տեղեկացրել է, թե ինչու են իրենց խանութի ցուցափեղկերը դատարկ: Վաճառողը նշել է, որ այս օրերին՝ ՊՊԾ գնդի եւ դրան հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված վաճառում են միայն պնեւմատիկ զենքերը, որոնք վտանգավոր չեն եւ գրանցման կարիք չունեն: «Ավելի լուրջ զենքերը, որոնք վաճառվում ենք գրանցում ձեռք բերելուց հետո, հավաքել ենք, որովհետեւ ոստիկանությունից ասել են, որ չեն գրանցելու»,- հավելել է նա:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից ոչ հերքել եւ ոչ էլ հաստատել են զենքի վաճառքի մասին մեր տեղեկությունը: Մեր թղթակցի հարցին, թե երբվանի՞ց է արգելվել զենքի վաճառքը, ի՞նչ հիմքով եւ ե՞րբ է վերականգնվելու՝ ոստիկանությունից պատասխանել են. «Մենք նման տեղեկություն չունենք»:
Հ.Գ. Ի դեպ, բացի այն, որ ոստիկանությունն արգելել է զենքի վաճառքը, մեր տեղեկություններով նաեւ որսորդներից եւ զենք ունեցող այլ անձանցից պահանջել են հանձնել զենքերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում