▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ տրվել Փաշինյանի սադրանքին․․․Մարուքյան

Պետք չէ տրվել Փաշինյանի սադրանքին․․․Մարուքյան

***

ԿՈՉ ԶԳԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՂՈԹՔԻ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
«Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին։ Պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել Եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը։
Մայր Աթոռը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։ Մայր Աթոռ ողղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության ու միասնականության։ Սուրբ Էջմիածնի անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին և առ մեր Սուրբ Եկեղեցին։
Տերը օգնական հայոց ազգին»,- նշված է հաղորդագրության մեջ։

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանին Հայաստանի կաթողիկոս հռչակեք՝ Սուրբ Նիկողայոս Առաջին
Հին Հռում ասում էին՝ բաժանիր, որ տիրես։ Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի գործելու կարգախոսն է՝ պառակտիր, որ տիրես։ 2018-ից հետո փաստացի, պերմանետ պատերազմի մեջ գտնվող ազգին պառակտեցին «նախկիների» ու «թավշյա հեղափոխականների», սևերի-սպիտակների, 2020 թվականի աղետալի պատերազմից հետո էլ խաղաղության կողմնակիցների ու խաղաղությանը դիմադրողների։ Իլհամ Ալիևի կամոք, Ալլահշուքյուր Փաշազադեի ազդանշանով, Նիկոլ Փաշինյանի հրահանգով 2018թ․-ից 7 տարի անց՝ 2025-ին շուռ տված եպիսկոպոսներն ու քահանաներն անցան «վեհարանն ազատագրելու սուրբ գործին»։ Մեկը լիներ՝ Հայ առաքելական եկեղեցին ազատագրեր բենթլիասեր, օֆշորոտ Սամվել Կճոյանից, Վրաստանի թեմը ղեկավարելիս խայտառակ եղած, այնտեղից փախած Վազգեն Միրզախանյանից, 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախում, իր թեմում չգտնված Վրթանես եպիսկոպոսից և մյուսներից։ Ձեռքներդ հեռու Մայր աթոռից, դուք Նիկոլ Փաշինյանին հռչակեք Հայաստանի հեղափոխական կաթողիկոս՝ Սուրբ Նիկողայոս Առաջին, իրեն երկրպագեք, բոլորդ իրեն ասեք՝ օ՜օօօ»։

***

Արմեն Հովասափյանն էլ գրում է․

Երեկ երեկոյան տեղի ունեցածը սպասելին էր․ այն, ինչ տևական ժամանակ անոնսում էին Փաշինյանն ու իր իշխանական պլեադան․ այսօր նախատեսվում է առաջին ուղղակի գրոհը Մայր Աթոռ։ Սա, թերևս, սպասելի սցենար էր, ուղղակի Նիկոլ Փաշինյանն անում է անուղղակի, միջնորդավորված՝ հենց հոգևորականների ձեռամբ, որոնք մինչև այժմ, ցավոք, օծյալ են համարվում, և այդ կերպ Փաշինյանը, նրանց հերթական անգամ ստորացնելով, թեստ է անում՝ հասկանալու համար, թե ինչ տրամադրություններ են տիրում հանրային դաշտում։
Թերևս կասկած չունեմ, որ Փաշինյանն անձամբ ներկա չի գտնվի Մայր Աթոռում, դրա մասին է վկայում նաև իշխանական դաշտից տիրադավերի հայտարարության վերաբերյալ քար անտարբերությունը։ Սա ուղղակի ստուգողական այց է, որով նա կփորձի որոշակի զգոնություն կոտրել և բուն քայլերն ավելի պատեհ պահի օգտագործել։
Ի դեպ ասեմ, որ հանրային դաշտի ռեզոնանսը նույնպես բավականին բուռն էր․ մարդիկ՝ տարբեր անհատներ, քաղաքական և հանրային ներկայացուցիչներ, հայտարարեցին Մայր Աթոռ գնալու և Վեհափառին սատարելու մասին։
Մի կարևոր նկատառում․ թերևս քչերն են հիշում, որ ուղիղ 5 տարի առաջ այս օրերին՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին, Փաշինյանը գրոհեց Եռաբլուրը և պատերազմից հետո ուժով մտավ մեր հերթական Սրբավայրը՝ պղծելով իր ներկայությամբ․ հիմա տեսնում ենք, որ ճակատագրի հեգնանքով այս նույն ժամանակահատվածում, բայց արդեն 5 տարի անց, համայն հայության Սրբության Սրբոցը Փաշինյանի ուղղակի գրոհի տակ է։

***

«ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդ, եկավ այն ճակատագրական օրը, երբ Նեռը որոշեց գրոհել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Որպես փոքրոգի և նենգ բանսարկու, նա փորձելու է դա անել այլոց ձեռքով, թաքնվելով նրանց թիկունքում, նրանց իսկ ձեռքերով շագանակներ հանել մեր երկիրը ճարակող կրակի միջից, և դրանք որպես հավատարմության նշան, մատուցել հետո իր օտարերկրյա տերերին:
Եկեղեցու դեմ ձեռնարկած արշավի առաջին իսկ օրվանից, մենք վճռական պաշտպանել ենք այն, նրա անկախությունը, նրա իրավունքը՝ իր խնդիրները լուծել իր ներսում: Որպես հավատացյալ մարդիկ, մենք գիտակցել ենք, որ որևէ մեկս սուրբ չէ, բայց յուրաքանչյուրս ունենք ապաշխարհելու, մեր մեղքերից մաքրվելու, և դրանով մեր կատարյալ Աստծուն մոտենալու բնական և անօտարելի իրավունք: Մեր այդ իրավունքը մենք պաշտպանելու ենք այսօր և առհավետ, քանզի այլապես մենք կդադարենք քրիստոնյա լինելուց, ու կընկղմվենք բռնատիրության խավարի մեջ, երբ մի ինքնահռչակ կուռք փորձում է ստրկացնել և կառավարել մեր հոգիները:
Այսօր այն օրն է, երբ Նեռը պետք է նահանջի, վերջնականապես գիտակցելով, որ իրեն չի հաջողվել ստրկացնել հայ մարդուն և շղթայել նրա հոգին: Դրանում յուրաքանչյուրս անելիք ունենք՝ մեր զուսպ, բայց վճռական ներկայությամբ պաշտպանելով մեր սրբությունները, մեր միասնությամբ վանելով նրանց նկատմամբ ոտնձգողներին, և մեր հավատով և բարեպաշտությամբ կանխելով ցանկացած երկպառակություն: Իրենց կարևոր անելիքն ունեն նաև մեր Եկեղեցու հայրերը՝ ինքնամաքրման ճանապարհով զորացնելով մեր հոգու տունը, և փորձության մեջից դուրս բերելով այն առավել ուժեղ և կենսունակ:
Կհանդիպենք այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Աստված զորավիգ իր սուրբ Եկեղեցուն, և նրա բոլոր հավատավոր զավակներին»:

***

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս արշավի դեռևս մեկնարկից եմ հայտնել տեսակետս, որ այստեղ բացարձակապես Կաթողիկոսի հարց չէ, ըստ այդմ առկա իրավիճակի հանդեպ դիրքորոշման ձևավորումը բացարձակապես չպետք է պայմանավորվի՝ Կաթողիկոսի հանդեպ վերաբերմունքով:
Ավելին, այստեղ անգամ հավատացյալ, թե աթեիստ լինելու հարց չէ, որովհետև Հայ Առաքելական եկեղեցի ինստիտուտը միայն կրոնի մասին չէ, միայն դավանական ինստիտուտ չէ, այլ ազգային համաշխարհային ցանց:
Այժմ տեղի է ունենում այդ ցանցը «կտրատելու» գործընթաց: Հաջորդիվ, թերևս, կտորները բաժանվելու են այս ու այն կողմ, կամ հանձնվելու են այս գործընթացի ավելի խոշոր շահառուներին, որոնց շրջանակը, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, բոլորովին չի սահմանափակվում Ադրբեջանով կամ Թուրքիայով:
Հետևաբար խնդիրը այդ իմաստով ավելի պարզ է՝ պահպանում ենք այդ ցանցը, թե՞ ոչ»:

***

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատերը միամիտ հարց են տալիս. «Բայց չէ՞ որ սա կպառակտի ինչպես Եկեղեցին, այնպես էլ առանց այն էլ պառակտված ու իրար ատող ժողովրդին»։
Իրականում հենց սա է Փաշինյանի պլան մինիմումը. նախընտրական շրջանում խորացնել ներհասարակական ատելությունը, բաժանարար գծերը, մարդկանց ավելի ընկղմել ատելության ծովի մեջ, որպեսզի որևէ պահի ժողովուրդը հանկարծ չհամախմբվի որևէ ուժի կամ անհատի շուրջ։
Այնպես որ, ամեն ինչ դեռ Նիկոլի նախագծած սցենարով է։ Ու ինքը թքած ունի, թե սա ինչ ռետրոակտիվ ազդեցություն կթողնի»։

***

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայ առաքելական եկեղեցու տասը եպիսկոպոսների անունների հիշատակմամբ որևէ հայտարարություն չի եղել։ Ըստ էության տարածվել է կեղծ և սադրիչ հայտարարություն։ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, Ժամը 17։00-ին, Էջմիածնի Մայր Տաճարում նախատեսվող ժամերգությունը կրոնական ծիսակարգ է, որի վերաբերյալ որոշում է կայացվել խիստ որոշակի սուբյեկտի կողմից։ Վաղարշապատ քաղաքում որևէ օրինական հավաքի մասին ծանուցում քաղաքապետարանի կայքում առկա չէ, որևէ օրինական հավաքի մասին պաշտոնական և պատասխանատու անձանց կողմից հայտարարություն գոյություն չունի։ Տվյալ դեպքում ոստիկանությունը պարտավոր է ապահովել ժամերգության կամ այլ ծիսական միջոցառումների մասնակիցների անվտանգությունը, պարզել 10 հոգևորականների անունից տարածված սադրիչ հայտարարության հեղինակներին և ձեռնարկել օպերատիվ միջոցներ նրանց բացահայտելու և նրանց կողմից հրահրվող սադրանքը կանխելու ուղղությամբ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին