▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ շեշտել և ակամա թշնամանք առաջացնել

Մի նուրբ խնդրի եմ ուզում անդրադառնալ, որն իմ կարծիքով շատ կարևոր է:
Հաճախ ենք լսում, կարդում «սիրիահայերին ծեծի ենթարկեցին», «պարսկահայը գողություն է կատարել», «իրաքահայը խաբեություն է կատարել» և համանման շատ ու շատ լուրեր, հաղորդումներ, գրառումներ…
Հարգում եմ իմ ազգի ներկայացուցիչներին` անկախ նրանց ծննդավայրից, ապրելու, աշխատելու վայրից…Հարգում եմ բոլոր սփյուռքահայերին, արցախցիներին, ջավախքցիներին:  Ու ինձ համար տարօրինակ է նման շեշտադրված լուսաբանումը և արհեստականորեն բաժանումն ու թշնամանք սերմանելը…
Վերջերս անընդհատ խոսում և երկար-բարակ լուսաբանում էին , որ ծեծի են ենթարկել Սիրիայից եկած մեր մի քանի հայրենակիցների: Լուսաբանում և անընդհատ կրկնում էին, որ ծեծի են ենթարկել սիրիահայերի:
Հարգելիներս, նույն կերպ կարող էր այդ միջադեպը տեղի ունենալ ցանկացած հայաստանաբնակի հետ: Սակայն դուք չէիք ասի չէ՞  ծեծի են ենթարկել գյումրեցու, ապարանցու, իջևանցու, սևանցու, արմավիրցու...Նույն վիճաբանությունը, ծեծկռտուքը կարող էր տեղի ունենալ արեշցու և չարբախցու միջև և դա, բնականաբար, դուք չէիք նշի չէ՞...

Ուրեմն, պետք չէ արհեստականորեն բաժանել, մասնատել, առանձնացնել մեր ազգը: Առանց այդ էլ պատմականորեն շատ ենք մասնատվել և մասնատվում ենք ստեղծելով զանազան արհեստակցական միություններ, փոխարեն գոնե հիմա ինքներս դա չանենք…
Այդ ծեծկռտուքը իրականացնող տականքների համար մեկ է դու ամերիկահայ ես, սիրիահայ, լիբանանահայ, թե երրորդ մասցի կամ մասիվցի…Այնպես որ պետք չէ շեշտել և ակամա թշնամանք առաջացնել…
Մենք մեկ ազգ ենք, մենք պետք է լինենք միասնական, մենք հայ ենք` անկախ նրանից որտեղ ենք  ծնվել և որտեղ ենք բնակվում…

Ռոբերտ Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին