▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստ է վերադառնալ էկրան, եթե իրեն վայել նախագիծ ու վարձատրություն առաջարկվի

Life.panorama.amգրում է. Հեռուստատեսությունը մարդու և աշխարհի շփման լավագույն միջոցներից է, դաստիարակիչ մեթոդ, զենք, որը պետք է ճիշտ ու նպատակաուղղված օգտագործել: Խաթարելով եթերը՝ խաթարում ենք շատերի աշխարհայացքը: Կայքի այսօրվա զրուցակիցը հաղորդավար, ռեժիսոր, լրագրող, հեռուստատեսության մշտական նվիրյալ Կրեն Քոչարյանն է, ով հասցրեց մեր զրույցի ընթացքում և վերհիշել, և բարկանալ, և կարոտել ու անկեղծանալ:

-Դուք մեր լավագույն հաղորդավարներից եք, այսօրվա համար՝ բացառիկներից: Ինչո՞ւ Ձեզ եթերում չենք տեսնում:

- Նախ` շնորհակալ եմ գնահատականի համար: Եթերում շատ եմ լինում, բայց հյուրի կարգավիճակով: Գրեթե բոլոր ալիքները հրավիրում են: Ինչ վերաբերվում է նախագծերին,ապա դա կախված է միմիայն հեռուստաալիքների ղեկավարներից: «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Երկրի գանձերը» հաղորդաշարից հետո ոչ մի առաջարկ չի եղել: Ինքս էլ չեմ սիրում սեփական գովազդով զբաղվել: Մտքեր և նախագծեր շատ կան, բայց չեմ ուզում դրանք հենց այնպես բացահայտել: Պլագիատի վտանգը մեծ է:

-Իսկ ինչո՞ւ «Երկրի գանձերը» չշարունակվեց, չէ՞ որ ուսուցողական էր, հետաքրքիր:

-Չգիտես ինչու, պատճառաբանեցին, որ վարկանիշ չունի: Մե՜ծ սուտ, անհնար է, որ չունենար: Եթե մեկ ժամանոց եթերում 10 րոպեն մեկ գովազդ էր մտնում, ինչպե՞ս կարող էր այդ հաղորդումը ցածր վարկանիշ ունենալ: Մի խոսքով՝ ես և իմ նմանները միշտ պատրաստ ենք վերադառնալ էկրան,եթե մեզ վայել նախագիծ առաջարկվի և, իհարկե, մեր մակարդակին և փորձին վայել վարձատրություն:

-«Էկրանից դուրս» ինչո՞վ եք այսօր զբաղվում:

-Աշխատանք շատ ունեմ: Շատ հաճախ հեղինակում և վարում եմ շատ պատվաբեր համերգային ծրագրեր: Չեմ ամաչում և նույնիսկ հաճույքով վարում եմ կորպորատիվ երեկոներ և հարսանիքներ,ծնունդներ … Մարդկանց ուրախություն եմ պարգևում: Ահա այսպես (ժպտում է):

 

-Պարոն Քոչարյան, ըստ Ձեզ, ո՞րն է իրական պատճառը, որ Ձեր սերնդակիցներից ոչ ոք, կարելի է ասել, հաղորդումների, նախագծերի շրջանակներում չկան: Տարիքը, կարծում եմ, պատճառ հանդիսանալ չի կարող, քանի որ, նախ՝ ոչ եթերային տարիքից (եթե նման բան կա) շատ հեռու եք, և հետո՝ ինտելեկտի և փորձի խնդիր չունեք:

-Իմ սերնդակիցներից շատերն ունեն ասելիք, սակայն եթերը նրանց համար անհասանելի է: Կարծում եմ,որ պատճառաբանություններ չեն կարող լինել, քանի որ երբեք այդ հարցին պատասխան չենք ստացել: Մի անգամ հեռուստաընկերություններից մեկի ղեկավարին անկեղծորեն առաջարկեցի համագործակցություն: Նրա դեմքին շփոթվածություն նկատվեց, կամ նա չէր սպասում նման առաջարկի, կամ՝ մտածում էր՝ լավ, հիմա ես ի՞նչ պատասխանեմ: Այդ օրվանից չեմ դիմել և չեմ դիմի որևէ մեկի: Մենք «պետք չենք», երևի, այն պատճառով, որ ունենք գիտելիքներ ու պրոֆեսիոնալիզմ, որը շատերին հնացած է թվում: Բայց գիտելիքների և պրոֆեսիոնալիզմի հնացածը ո՞րն է: Հիշում եմ 88թ.-ին Ազատության հրապարակում մի, այսպես կոչված, կարգախոս կար «Հեռու-ստա-տեսություն»: Այն էլ այն տարիներին, երբ Նորքի բարձունքում դեռ աշխատում էին հեռուստատեսության նվիրյալները: Այնուամենայնիվ, ինչքան էլ քննադատում էին հեռուստատեսությանը, մենք փորձում էինք նոր, թարմ շունչ փոխանցել, և դա մեզ հաջողվում էր, որովհետև այն տարիներին լինելով երիտասարդ ու խենթ՝ կողքներիս ունեինք ավագ սերունդ: Հենց այդպես ծնվեց հեռուստատեսությունում նոր խոսք հանդիսացող «Խճանկար» կիրակնօրյա ինֆորմացիոն-երաժշտական-զվարճալի ծրագիրը, որին սպասում էին՝ հաշվելով ժամերը և օրերը: Ծնվեց առաջին Ամանորի մարաթոնը, որը տևեց մոտ 24 ժամ, մեծ մասը՝ ուղիղ եթերում:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին