▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմն արդեն սկսված է. ռուսական մարշը դուրս է եկել միջազգային ասպարեզ

Սափրագլուխների ամենամյա ռուսական մարշն արդեն դուրս է եկել միջազգային ասպարեզ: Հիմա Չեխիայում տաքսու չեխ վարորդը վստահ է, որ Կառլովի Վարիում մի օր տեղի ռուսալեզու նորաբնակները կդիմեն մայր երկրին, օգնություն հայցելու, ինչպես դա արեցին Սուդետների գերմանացիները նախորդ պատերազմին:

Ասում եմ նախորդ, որովհետև պատերազմը վաղուց է սկսված, այն էլ, իրականում արևմուտքի կողմից, նրա ծավալուն ու հաստատուն տարածումով, դեպի արևելք: Բայց արևմուտքում ոչ ոք չէր սպասում այսպիսի պատասխանի, երբ հրթիռների ու ինքնաթիռների դիմաց Ռուսաստանը էթնիկական միջուկային զենքը կօգտագործի և այն էլ այնպիսի մասշտաբներ կարող ունենաւլ, որ սարսուռ է առաջացնում:Գերմանիայում և նրա շուրջ միլիոնավոր ռուսալեզու է բնակվում:

Կկարողանա՞ արդյոք Անգելա Մերկելը ռեալ կատակլիզմի պայմաններում կասեցնել նրանց հնարավոր ակտիվացումները: Ես անձամբ զրուցել եմ բազմաթիվ ռուս ներկայացուցիչների հետ և Չեխիայում, և Գերմանիայում: Նրանք երկու ձեռքով գոռում են, բռավո Պուտին, չնայած բնակվում են Եվրոպայում, և գրեթե զերծ են ռուսական պրոպագանդայից: Բարդ պրոցեսներ են սկսվել արդեն նաև Եվրոպայում:

Տեսեք, Հունգարիան Զակարպատների համար ինքնուրույնություն և երկքաղաքացիություն է պահանջում, Լեհաստանը երազում Լուցկն է տեսնում, Ռումինացիներն իրենց խնդիրներն ունեն, նաև կան սլովակներ... Պուտինը կանի ամեն ինչ, որպեսզի սրանք բոլորը ակտիվանան: Իսկ սա կնշանակի «назад в будущее». Այսինքն կարող է միացյալ Եվրոպայի փլուզման պատճառ դառնալ: Արևմտյան Եվրոպայում էլ կան պրոբլեմներ: Բասկերը, Կատալոնիան, Շոտլանդիան փորձում են անկախանալ: Ռուսաստանին մնում է անել այնպես, որ այդ ռեֆերենդումների ֆոնի վրա Արևելյան Եվրոպայում ևս շարժումներ սկսվեն: Նա կարող է դա սկսել Սերբիայից կամ Հունգարիայից: 

Հաջորդ կարևոր պահն այն է, որ Եվրոպայում քչերն են պատրաստ կռվել, պատերազմել: Ի՞նչ եք կարծում, Իտալիան, կամ Բելգիան, որտեղ երկուսում էլ, հյուսիսը ուզում է անջատվել հարավից, կպատերազմե՞ն Եվրոպայի նախկին ժանդարմի դեմ, որը Սուվորովից սկսած արդեն քանիցս ապացուցել է, որ Հայրենիքը սկսվում է սեփական սահմաններից դուրս:

Մի խոսքով, պատերազմն արդեն սկսված է: Այն դասական դեմք չունի: Ոմանք անվանում են հիբրիդ պատերազմ, ոմանք` նենգ, կարևոր չէ, կարևորը այն է, որ մենք հայերս գիտակցենք, այն սկսված է, և ես կարծում եմ այս էթնոխմորումները որոշակի ժամանակ են պահանջում, չորս հինգ տարի, իսկ հիմնական գործողությունները դեռ առջևում են: 

Հնարավոր է, որ սխալվում եմ, բայց լավ կլիներ վատթարագույն տարբերակին պատրաստ լինեինք:

P.S. Ռուսաստանին Դոնեցկն ու Լուգանսկը առանց ամբողջ հարավ արևելքի, Պրիդնեստրովիեից մինչև Դոնեցկ, պետք չէ: Ռուսաստանը պիտի գտնի այն դետոնատորը, որը ամբողջությամբ հուզումներ կառաջացնի տեղերում: Առաջին անգամ դա չստացվեց: Այդ ալիքը Դնեպրոպետրովսկում մարեց: Ուստի Ռուսաստանը փնտրելու է այլ եղանակներ: Հակառակ դեպքում Ղրիմն էլ մեծ նշանակություն չունի, քանզի այսօրվա Սև ծովը դա տասնիններորդ դարին չէ, փակ լողավազան է, առանց Բոսֆոր Դարդանելի: Իսկ եթե հաջողվեր Եվրոպային ամբողջովին կտրել Սև ծովից և գազի տեղափոխման ցամաքային ապահով ուղիներ ստանալ, ապա կհամարվեր իրական հաղթանակ:

Այստեղ կա նաև մեկ այլ խաղացող, դա Իսրայելի պետությունն է, բայց սրա մասին մեկ ուրիշ անգամ:

Դավիթ Վանյան

17.05.2014թ. Ուկրաինա. Դնեպրոպետրովսկ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին