ՀՀ սփյուռքի նախարարությունը 2009 թվականից իրականացնում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն», 2010 թվականից՝ «Սփյուռքի երիտասարդ առաջնորդների դպրոց», 2011 թվականից՝ «Սփյուռքի ԶԼՄ-երի լրագրողների դասընթաց» ծրագրերը, իսկ 2012 թվականից՝ «Սփյուռք» ամառային դպրոցը՝ 6 ուղղություններով: «Արի տուն»-ը և «Սփյուռք» ամառային դպրոցը» Սփյուռքի համար ամենապահանջված, տարեցտարի, ընդլայնվող, զարգացող ծրագրեր են, որոնց մասին վկայում են մասնակիցների ավելացող թիվն ու երկրների ընդլայնվող աշխարհագրությունը:
Մշակված են ծրագրերին, առանձին դասընթացներին մասնակցելու կանոնները, պայմանները և պահանջները, որոնց պետք է բավարարի դիմողը:
Ըստ կարգի՝ մեկ անգամ ծրագրին կամ դասընթացին մասնակցած անձը առաջիկա երեք տարիներին չի կարող մասնակցել նույն ծրագրին կամ դասընթացին՝ բացառությամբ համայնքների հատուկ պահանջագրի կամ ներկայացրած երաշխավորագրի: Ծրագրերին ամենամյա մասնակցության սահմանափակումը պայմանավորված է Սփյուռքից դիմողների անընդհատ աճով և Սփյուռքի նախարարության հնարավորություններով, ինչպես նաև ամեն տարի ծրագրերում նոր խմբեր և անհատներ ընդգրկելու նախարարության սկզբունքով:
ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի
համահայկական ծրագրերի վարչություն