▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փարաջանովն` ուկրաինացի լուսանկարչի աչքերով

«Փարաջանովի նկարած կադրերը միայն քրոնիկա չեն. դրանք ունեն գեղարվեստական արժեք` կտավ են` խորհրդանիշերով ու փոխաբերություններով լի:»

Այսօր «Մեդիա կենտրոնում» Սերգեյ Փարաջանովի մասին նման կարծիք հայտնեց ուկրաինացի կինոօպերատոր ու լուսանկարիչ Յուրի Հարմաշը: Բանախոսն այցելել է Երևան 11-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում բացված փարաջանովյան լուսանկարչական ցուցահանդեսին մասնակցելու:

Ասուլիսի ամբողջական տեսաձայնագրությունը դիտեք այստեղ:

«Փարաջանովին առաջին անգամ հանդիպել եմ 1969 թ., և այդ հանդիպումն ու հետագա հանդիպումներն ինձ համար բարության դաս դարձան», - նշեց Հարմաշն` ավելացնելով, որ իր ու Փարաջանովի ընկերությունը դարձել է կյանքի դաս, որն իր հետ է մինչև այսօր:

«Փարաջանովին լուսանկարելը եղել է շատ հաճելի, հեշտ, միևնույն ժամանակ շատ հետաքրքիր», - ասաց Հարմաշը և ավելացրեց, որ Փարաջանովի իր բոլոր լուսանկարների բեմադրիչն էր լինում, ինքն էր որոշում, թե ինչպես, որտեղ, ինչ դիրքով կամ միզանսցենայով կարելի է իրեն լուսանկարել:

Ուկրաինացի հանրահայտ լուսանկարիչը  Փարաջանովի մասին հիշողություններն ամփոփել է  «Կինոօպերատորի ոչ գրական հուշերը» իր հեղինակած պատմվածքում: Հարմաշը որոշ դրվագներ հիշեց ու պատմեց  իր և Փարաջանովի հանդիպումներից, ինչպես նաև Փարաջանովի կյանքին վերաբերող այլ հետաքրքիր պատմություններ: Օրինակ` նա պատմեց, թե ինչպես է տարիներ առաջ Ֆրանսիայի նախագահ Դը Գոլի կինը «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը դիտելուց հետո ցանկացել հանդիպել Փարաջանովի հետ:  Հայտնի մարմինների ներկայացուցիչները հատուկ զգուշացրել են Փարաջանովին խենթություններ չանել, սակայն Փարաջանովը, Փարաջանով չէր լինի, եթե մի հետաքրքիր բան չմտածեր: Կիևի բարձրահարկ շենքերից մեկի 7-րդ հարկում ապրող Փարաջանովը նախապես պայմանավորվում է շենքի պարեկի հետ անջատել էլեկտրականությունը և վերելակը:  Իսկ աստիճանավանդակը  մինչև 7-րդ հարկ լուսավորում է նախապես պատվիրված ուկրաինական հարսանեկան հանդիսությունների ժամանակ օգտագործվող հսկա մոմերով և զարդարում է վարդի թերթիկներով: Ահա, թե ինչպիսի գեղեցիկ խենթությամբ է դիմավորում Փարաջանովը Ֆրանսիայի նախագահ Շարլ Դը Գոլի տիկնոջը:

Իսկ Յուրի Հարմաշն իր հիացմունքն արտահայտելով Երևանում Փարաջանովի տուն-թանգարանի մասին միևնույն ժամանակ իր ափսոսանքը հայտնեց, որ ոչ Ուկրաինայում և ոչ էլ Վրաստանում չկա նման տուն-թանգարան:

Մտավորական Յուրի Հարմաշը նաև մեծ հայրենասեր է: Անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին` Հարմաշն ասաց, որ Մայդանում նկարել է ավելի քան 5000 լուսանկար` փորձելով ցույց տալ ազգի ոգին: Հենց այդ ժամանակ նա ծանոթացել է Ուկրաինայի քաղաքացի ազգությամբ հայ Սերգել Նիգոյանի հետ և մահից մոտ մեկ ամիս առաջ լուսանկարել է նրան:

«Սերգեյ Նիգոյանի լուսանկարները չհասցրեցի տալ իրեն, բայց իմ պարտքն եմ համարում պատրաստել Սերգեյի մեծ դիմանկարն ու նվիրել այն իր ծնողներին», - հայտարարեց Հարմաշը` հավելելով, որ Սերգեյն Ուկրաինայի իսկական պաշտպան էր:

 

Մեդիա Կենտրոն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին