▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքեր մեր ոտքերից կկախվեն և թույլ չեն տա երկիրը առաջ տանել, թափ կտանք մեր ոտքերի վրայից. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց լուծարել մի շարք գիշերօթիկ հաստատություններ: Խոսքը մասնավորապես «Դիլիջանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության», «Բյուրեղավանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության», «Գյումրիի երեխաների խնամքի եւ պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատության», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատության», «Վանաձորի մանկատան» մասին է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարցի անվանման առաջին հատվածը «ֆեյք նյուզ»-ի տրամաբանությամբ է շարադրված.

«Այսօր նորից մեծ աղմուկ կլինի, որ ՀՀ կառավարությունը փակում է մանկատները, գիշերօթիկ դպրոցները»,- ասաց վարչապետը, ապա դիմելով հարցը զեկուցող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, ասաց, որ մանրամասն ներկայացնի այն:

Բաթոյանը նշեց, որ սա արվում է խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքն ընտանեկանին մոտ պայմաններում կազմակերպելու նպատակով: Սահմանվում է, որ մինչեւ 2020 թվականի հունվարի 15-ը պետության կողմից ՀԿ-ներին՝ ծրագրեր պատվիրակելու միջոցով ստեղծվում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին այլընտրանքային խնամք տրամադրող ծառայություններ:

Բաթոյանն ասաց, որ հոկտեմբերի 20-ի դրությամբ այդ հաստատություններում խնամք է ստացել 130 երեխա.

«Այս տարի իրականացվել է հաստատություններում խնամվող երեխաների եւ նրանց ընտանիքների կարիքների խոր գնահատում, որի հիման վրա մշակվել է եւ շարունակում են մշակվել անհատական ծրագրեր: Բոլոր երեխաները շարունակում են ստանալ պետական աջակցություն: Հաշվի առնելով ծնողների պատրաստվածությունը՝ նրանց 30 տոկոսն արդեն ընդգրկվել է տնտեսական զարգացման ծրագրերում: Խոսքը 16 ընտանիքի մասին է, նրանց համար նախատեսվում է իրականացնել մասնագիտական դասընթացներ, տրամադրել անհրաժեշտ գործիքներ՝ տնտեսականում գործունեություն ծավալելու համար»:

Նախարարի խոսքով՝ կազմակերպությունների լուծարումից հետո այդ բոլոր միջոցները տրամադրվելու են մարզերում եւ Երեւանում պատվիրակման միջոցով ցերեկային աջակցման կենտրոնների ցանցի ընդլայնմանը, խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, երեխաների՝ կենսաբանական կամ խնամակալի ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցությանը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դեկտեմբերի 1-ից, բացառությամբ Գյումրիի թիվ 2 գիշերօթիկի, որտեղ ուժի մեջ կմտնի հունվարի 25-ից, իսկ Վանաձորի մանկատան դեպքում՝ հունվարի 1-ից:

Բաթոյանը նշեց, որ այս որոշումը մշակվել է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքն ապահովելու համար, եւ սա չի նշանակում, որ ՀՀ կառավարությունը հրաժարվում է այս երեխաների հանդեպ իր պարտականությունից: Պարզապես փոխվում է աջակցման ձեւը:

/filemanager/uploads/2019/09/week-3/Nikol_Pashinyan.jpg

Վարչապետը նշեց, որ սա բովանդակային բարեփոխում է:

 «Այս բարեփոխումներն ուղղված են ընդդեմ հուսահատության, քանի որ գիշերօթիկի, մանկատան սան ասել նշանակում է՝ մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ, որ ինքն ամբողջ կյանքի ընթացքում լինելու է հաջողության լուսանցքից դուրս: Այս իրավիճակի հետ մենք չենք պատրաստվում համակերպվել: Եթե, օրինակ, նայենք ՀՀ-ում թե քանի մանկատան, գիշերօթիկ հաստատությունների սան է ընդունվել բուհ, քանի հոգի են մասնագիտություն ստացել, իրենց բարեկեցությունն ապահովել, խայտառակ պատկերի առաջ կհայտնվենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այս առումով պետական միջոցների օգտագործման արդյունավետությունն են նաեւ լուծում եւ ամեն ինչ անում են, որ երեխաներին վերադարձնեն ընտանիք:

Խոսելով ընտանեկան բռնության դեմ տարվող քաղաքականության մասին՝ վարչապետն ասաց.

«Մենք այս քաղաքականությունը տանելու ենք առաջ՝ թույլ չտալով ՀՀ կոռուպցիոն համակարգի մնացորդները փորձեն Հայաստանը պահել հետադիմության կամ տանել մտցնել տգիտության փակուղի: Մեր քաղաքականությունը լինելու է սկզբունքային այս առումով: Ընդ որում, ես խոսում եմ բոլոր մակարդակների մասին, այդպիսի ուժեր կան նաեւ կառավարության մեջ, եւ մենք պետք է պետական կառավարման համակարգից հատ-հատ հետեւողականորեն արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց, մինչեւ վերջին մանրուքը, ընդհուպ՝ պինցետով, որ ոչ մի մոլեկուլ չմնա այդ բացիլից»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նույնը վերաբերում է տարեցների կենտրոնի խնամքին.

«Եկեք մտնենք այդ կենտրոններ, տեսնենք, թե ինչ պայմաններում են այդ մարդիկ բառիս բուն իմաստով պահվում, եւ սրան նույնպես պետք է վերջ տանք: Այս ճանապարհը հեշտ չի լինելու: Այնպես չէ, որ մենք իդեալական համակարգ ենք ստեղծելու, բայց մենք ասում ենք, որ այս հուսահատության տրամաբանության մեջ չենք համակերպվելու, եւ այս ճանապարհին ոչ մեկ չի կանգնեցնելու: Հայաստանի ժողովուրդը մեզ տվել է երկիրն առաջ տանելու մանդատ, եւ բոլոր նրանց, ովքեր մեր ոտքերից կկախվեն եւ թույլ չեն տա երկիրն առաջ տանել, թափ կտանք մեր ոտքերի վրայից եւ մեր ժողովրդի վստահությամբ կշարժվենք առաջ: Ես ուզում եմ որ սա բոլորն արձանագրեն, այդ թվում՝ պետական համակարգում ներգրավված մարդիկ»:

 

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին