▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղեվարձի թանկացում՝ փաստեր և իրականություն

Վերջին տարիների ընթացքում բազմիցս հետևել և ականատես ենք եղել <<ուղեվարձի թանկացման>>, <<հաստավիզ գծատերերի>>, <<գծի պլանի>>, <<շահագործվող վարորդների>> և նմանատիպ այլ թեմաներով տարբեր քննարկումների, ցույցերի, հոդվածների, աննպատակ վերլուծությունների և այլևայլ միջոցառումների: Երբևէ մեջս ցանկություն չի առաջացել մասնակից դառնալ այդ թեմաների քննարկմանը` հասկանալով, որ ցանկացած պարագայում տեղի չեն ունենա փոփոխություններ, որովհետև մեր երկրում իշխանությունները անում են այն, ինչ անցնում է նրանց մտքներով, իսկ ժողովրդի մեծ մասը հլու-հնազանդ ենթարկվում է, մյուս մասն էլ պարզապես փախնում իր հայրենիքից ` այլևս ոչ մի դրականի հույս չունենալով:

Այս ամենին արձագանքելուն դրդեց վերջերս տեղի ունեցած մի երևույթ: Մեր լրատվամիջոցները մի քանի օր շարունակ լռում են ավտոմեքենաների գազի թանկացման մասին կամ ընդամենը մի քանի բառով ներկայացնում այն` որպես կատարված իրողություն, բայց անմիջապես արձագանքում են, երբ ակտիվանում են ուղեվարձի թանկացման մասին խոսակցությունները: Ի՞նչ է, հարգելի լրատվամիջոցներ, խուսափում եք <<Հայռուսգազարդի>> կամ ԱԳԼՃԿ-ների սեփականատերերից, թ՞ե այսպես կոչված <<գծատերերը>> ազգի թշնամիներն են և ցանկացած պարագայում արժանի են պատժի ու նվաստացման: Եկեք վերջապես գոնե մեկ անգամ լինենք արդար և ներկայացնենք ամբողջ իրողությունն ու տրանսպորտի համակարգում տիրող իրավիճակը այնպես,ինչպես այն կա և չգցենք մեր ժողովրդին թյուրիմացության մեջ:
             Փորձենք սկսել այս թեմայի հիմքից: Նախ հասկանանք, որ պետք է տարանջատել այդ <<գծատերերին>> իշխանություններից և չդասել նրանց իշխանության շարքին: Հավատացած եղեք, եթե այդ <<գծատերերը>> լինեին իշխանության անդամներ, ապա 2013թ.-ի ամռան ընթացքում ուղեվարձի թանկացման փորձը հաջողություն կունենար: Եվ այս դեպքում ոչ <<կարգին Հայկոն>>, ոչ էլ մյուս արվեստագետները և նշանավոր մարդիկ չէին կարողանա թանկացման դեմն առնել, քանզի մենք սովոր ենք, որ 1991թ.-ից սկսած, ՀՀ-ում, ցանկացած իշխանության պարագայում, տեղի է ունենում այն, ինչ ուզում է այդ իշխանությունը:

Հարգելի ժողովուրդ, այդ <<գծատերերն>> էլ նույն հայ հասարակության մի մասն են կազմում. մարդիկ, ովքեր զբաղվում են ուղևորափոխադրումներ իրականացնող բիզնեսով: Եթե <<գծատերերը>> ազգի թշնամին են, ուրեմն նույն տրամաբանությամբ արտադրողները, գործարանատերերը, խանութպաններն ու առևտրականները ազգի դահիճներն են: Չէ որ նրանք էլ վերջին տարիներին երևի եթե ոչ ամեն օր, ապա մի քանի օրը մեկ են իրենց ապրանքը մեզ հրամցնում ավելի մեծ գներով: Բայց մի օր չեղավ այնպես, որ մեկը պայքարի ասենք <<X>> կաթնամթերք արտադրող ընկերության կամ << X>>  սուպերմարկետների ցանցի դեմ: Այդ << X>>-երն էլ օգտվում են հասարակ աքսիոմայից. <<թանկ է իմ ապրանքը, մի գնեք>>`լավ հասկանալով, որ առանց հաց կամ կաթնամթերք հնարավոր չէ, հետևաբար պետք է գնել`թանկ թե էժան: Կամ մի օր մեկը չպայքարեց գազի, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Բայց երբ նույն <<գծատերը>> նշում է, որ ինքն էլ չի սպասարկի որ նրան ձեռնտու չէ և նա կկանգնեցնի մեքենաները, նա դառնում է ազգի դավաճան և թշնամի:

  Միկրոավտոբուսային երթուղին`<<գիծը>>, ձևավորվում է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության կողմից իրականացվող մրցույթի միջոցով: Ցանկացած մարդ կարող է բացել ՍՊԸ և մասնակցել մրցույթին ու հաղթելու դեպքում դառնալ սպասարկող`այսպես ասած <<գծատեր>>:  Դրա համար պետք է ներդրումներ անել, մեքենաներ ձեռք բերել, վարորդներ ունենալ, մասնակցել մրցույթի, շահել և ձեռք բերել սպասարկման իրավունք:  Ահա այսպես է ձևավորվում  այդ <<գիծ>> կոչվածը: Ներդրումներ կատարելու համար այդ անհատները շատ անգամ իրենց տները, ունեցվածքը դնում են գրավի տակ, վերցնում են վարկեր:  Այդ բոլոր ռիսկային գործողությունները մարդիկ կատարում են շահույթ ստանալու և այդ շահույթով իրենց ընտանիքի հանապազօրյա հացը և բարեկեցիկ կյանքը ապահովելու նպատակով: Իսկ այդ ընթացքում ՀՀ-ում առաջանում են մի շարք տնտեսական խնդիրներ, որոնց պատճառով այդ <<գծատերերը>> հայտնվում են անտուն մնալու կամ սնանկանալու վտանգի առաջ:

 Բայց միևնույն է հասարակությունը շարունակում է նրանց անվանել <<հաստավիզ>>, <<վարորդներին շահագործող>>, <<գռփող>> և այլն: Եվ երբ պահանջվում է իջեցնել <<գծի պլանը>>, պետք է հասկանալ և իմանալ, որ նույն <<գծատերերը>> արդեն մի քանի անգամ դա արել են: Չ՞է որ 1–ին անգամ գազը թանկացավ 2008թ.-ի ապրիլի 1–ին, 2-րդ անգամ 2009թ.-ի ապրիլի 1–ին և այլն, և հետևաբար իջավ <<գծի պլանը>> : Եվ սա է հիմնական  պատճառը, որից էլ բխում են ուղեվարձի թանկացման հետ կապված խոսակցությունները: Հավատացած եղեք, գազի այս պարբերական թանկացումները արդեն դարձել են պայթյունավտանգ: Այս ամենի հետ մեկտեղ կա ևս մի հանգամանք: Հարկային մարմինները տարին տարվա վրա ավելի մեծ ճնշում են գործադրում գործարարների վրա, երբ այդ նույն <<գծերի>> բիզնեսը երևի ամենապարզ և ոչ ստվերային տեսակներից է ՀՀ-ում, որտեղ հնարավոր չէ խուսափել հարկերից: Դա վարսավիրանոց չի, որ մի քանի վարսավիր ունենա,բայց 1 բազկաթոռի գումար մուծի: Դա գործարան չի, որ 300 աշխատող ունենա, բայց մեծ մասին չգրանցի ու հարկից խուսափի: Կամ դա առևտրի կենտրոն չի, որ ամեն 3-րդ հաճախորդին ՀԴՄ կտրոն չտա: Այստեղ հստակ քանակությամբ մեքենաներ են` դեղին պետհամարանիշներով ամրագրված ,և այդ մեքենաներն էլ ունեն իրենց վարորդները:Այժմ առաջանում է մի հարց. քանի՞ անգամ կարող է <<գծատերը>> իջեցնել պլան, որ միաժամանակ վճարի հարկերը, պահի ընտանիքը և կատարի իր վարկային պարտավորությունները , որպեսզի անտուն չթողնի իր երեխաներին:

Վերոնշյալ վերլուծությունը ամենևին <<գծատերերին>> սատարելու կամ ուղեվարձի թանկացման խոսակցություններն արդարացնելու համար չէ: Այս ամենի նպատակն է զերծ պահել  հայ հասարակությանը թյուրիմացություն պարունակող տեղեկատվությունից:  Սույն հոդվածը կոչ է անում բոլորին միավորվել և պայքարել այն խնդիրների դեմ, որոնք հանգեցնում են ուղեվարձի թանկացման խոսակցություններին՝այսինքն վերացնել խնդիրների արմատը: Գազի թանկացումը շատ ավելի լուրջ խնդիր է, որն իր հետ մի նոր աղետ է բերելու հայ հասարակության համար:

Եվ վերջում մի հարց: Մի՞թե տարօրինակ չէ այն,որ  <<Հայռուսգազարդը>> ռուսական <<Գազպրոմ>> ընկերությունից գազը գնում է ամերիկյան դոլարով: Տրամաբանական է, որ եթե գազը գնեին ռուսական ռուբլիով, ռուբլու արժեզրկման պատճառով, պետք է որ գազի գինը նվազեր աճելու փոխարեն:

Ալինա Մանուկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին