Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր պաշտպանյալի տեսաուղերձը և կից գրառել. «Մարդը, ազատության մեջ գտնվելով, չի հեռանում դատարանի դահլիճից»։
«Պարո՛ն, Գրիգորյան, փաստորեն, 6 ժամ է՝ ձերբակալման ժամը լրացել է, դատավորը դրա մասին մեզ տեղյակ է պահել: Ուղեկցող գնդի տղաներին դահլիճից դուրս է հրավիրել և ասել է՝ «դուք ազատ եք»: Հիմա ուզում եմ ձեզանից հարցնել՝ դուրս չգա՞նք: Մենք ազատ ենք, մեր նկատմամբ այս պահին խափանման միջոց չկա կիրառած, ժամ չկա դրած, մենք ազատ ենք»,- դիմելով Գրիգորյանին՝ հարցրեց պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Հարցին ի պատասխան՝ Մանվել Գրիգորյանն ասաց.
«Մենք այս պահին ունենք պատվի խնդիր, և ինձ պետք է ապացուցել իմ մեղավորության մասը: Ես տասնյակ հազարավոր մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, չգիտեմ՝ ով ինչ է մտածում այս պահին իմ մասին: Ես մինչև վերջին պահը պետք է սպասեմ, որովհետև իմ հարազատ ընկերներն էլ ինձ ճիշտ չեն հասկանում: Ընդհանուր՝ իմ մեջ չէ խնդիրը:
Ես հավատում եմ ինձ, իմ ընկերներին, իմ երկրին, իմ պետությանը և արդարադատությանը: Ժամանակը բոլորի դատավորն է և կիմանանք ճիշտը»,- ասաց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։ Ավելի ուշ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնել: Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։
Տեսանյութը` Արսեն Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից
Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ
Կարդացեք նաև` ԱԱԾ. Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին