ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ հայաստանյան ընդդիմությունը փրկության կոմիտե է ստեղծում, երկար որոշում, թե ո՞վ ու ի՞նչ պարամետրերով իրավունք ունի լինելու փրկիչ, մինչ Նիկոլը ընտրական տեղամասերում լրացնում է Երեւանը զավթելու համար իրեն պակասող 236 քվեաթերթիկը, Արցախում ցեղասպանությունը շարունակվում է։ Սպանվում են քաղաքացիական անձինք, հողին են հավասարեցվում մարդկանց տները, ռմբապաստարաններում վերջանում է անգամ խմելու ջուրը, Ալիեւը պահանջում է արցախցիներից բարձրացնել սպիտակ դրոշն ու հանձնվել։
Մարոլ որոճացող «քաղաքակիրթ» աշխարհի աչքի առաջ ադրբեջանական զինուժը ռմբակոծել է Ստեփանակերտի շտապօգնության մեքենան, որը գնում էր Մարտակերտի շրջան՝ ադրբեջանական հարձակման հետևանքով ութ զոհերի դիակները տեղափոխելու համար:
Անձնազոհաբար կռիվ տալով զոհվել է Մարտունու հրաշալի քաղաքապետ տղան։
Էս պահի տվյալներով ունենք տեղեկատվություն 27 զոհի, 200 վիրավորի մասին։ Մարտակերտի եւ Ասկերանի հիվանդանոցների հետ կապ չկա, հայտնի չէ այդ շրջանների տուժածների ու զոհերի թիվը:
Լուծումը մեկն է՝ կա՛մ ընդդիմության մեջ կգտնվի վճռական քաղաքական ուժ, որը ժամերի ընթացքում կհեռացնի սրանց իշխանությունից, կա՛մ երեկոյան արդեն Ստեփանակերտի վրա կբարձրանա Ադրբեջանի դրոշը, իսկ աշխարհի քոռ աչքը շոյելու համար Ալիևը հումանիտար միջանցք կտա՝ զոհերի մարմինները հանելու, վիրավորներին ու արցախցիներին իրենց հայրենիքից բռնի տեղահանելու համար։
Ունենք ընդամենը մի քանի ժամ»։
Թարմացված․ Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրել է. «Թշնամու երկարաժամկետ նպատակը պարզ ա՝
1. Լուծել Արցախի հարցը և կենտրոնացնել ողջ ռազմական, դիվանագիտական, քարոզչական ներուժը Հայաստանի դեմ։
2. Վերաբնակեցնել ադրբեջանցիներին Հայաստանում, ինչը արդեն բանակցում են ու դա չի էլ թաքցվում։
3. Կազմակերպել սադրանք, որ «սրբազան» զոհ ունենան վերաբնակեցվածների մեջ։
4. Հարձակվել Հայաստանի վրա իբր հայրենակիցներին պաշտպանելու համար։
Ցանկացածը, ով ձեզ կասի, որ Հայաստանը չի խառնվում Արցախի էթնիկ զտումներին, որ չներքաշվի պատերազմի մեջ, այս պլանի մաս ա, գիտակցված կամ տգիտությունից։ Վաղը, մյուս օրը արդեն հայաստանցիներիս էլ պաշտպանող չի լինելու»։
Թարմացված․ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված․ «Կոչ ենք անում հակամարտող կողմերին անհապաղ դադարեցնել արյունահեղությունն ու ռազմական գործողությունները։ ԼՂ կարգավորման ճակատագրի վրա արմատապես ազդել է 2022-ի հոկտեմբերին և 2023-ի մայիսին Երևանի կողմից Եվրոմիության հովանու ներքո անցկացված գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածքի մաս ճանաչելը։ Սա փոխեց հիմնարար պայմանները, որոնք ստորագրվել էին 2020-ի նոյեմբերի 9-ին»։ |