▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ մտքով է անցել Հայաստանը մասնակից դարձնել «Քոչվորների համաշխարհային 2-րդ խաղերին». «Ժողովուրդ»

«Երեկ հայտնի դարձավ, որ Ղրղըզստանում սեպտեմբերի 3-ին մեկնարկած «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին» մասնակցում է նաև Հայաստանի՝ վեց հոգանոց «պատվիրակությունը»։ Ովքե՞ր են մեր երկրի քոչվորները, որ այդ միջոցառման ժամանակ բարձրացրել էին հայկական եռագույնը։ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունից «ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ հայտարարեցին, որ Հայաստանն այդ միջոցառմանը չի մասնակցում։ ՀՀ օլիմպիական կոմիտեից ևս հավաստիացրին, որ այդ միջոցառման մասնակցության մասին իրենց ոչինչ հայտնի չէ։ Բայց փաստն այն է, որ այդ միջոցառման բացման արարողությանը քոչվոր ազգերի շարքում հայտնվել է նաև «Armenia» գրությամբ սպորտսմենների ինչ-որ խումբ՝ հայկական եռագույնով։ Միջոցառման մասին պատմող պաշտոնական և ոչ պաշտոնական ամբողջ լրահոսում նշվում է մեր երկրի համար խայտառակ մի ձևակերպում, այն է՝ Հայաստանը մասնակցում է «Քոչվորների համաշխարհային երկրորդ խաղերին»։

 

Ո՞վ է այս իրավիճակի պատասխանատուն։ Հայաստանի նման մոնոէթնիկ երկրում, որտեղ բնակչության մոտ 99 տոկոս հայեր են, ո՞ւմ մտքով է անցել մեզ դասել քոչվորների շարքին։ Ո՞վ պետք է պատասխան տա ազգային այս խայտառակության համար։

 

Կարծում ենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ սպորտի և Երիտասարդության նախարարությունը պարտավոր են պաշտոնապես հայտարարել, որ Հայաստանը չի մասնակցում «Քոչվորների համաշխարհային Երկրորդ խաղեր» անվանումը կրող միջոցառմանը և Ղրղըզստան այդ առնչությամբ պետք է նոտա ներկայացնեն՝ Հայաստանի անունը անհարկի շահարկելու համար։ ՀՀ իրավապահներն էլ պետք է պարզեն, թե ովքեր են Հայաստանի անունից հանդես եկող ինքնակոչները և պատասխանատվության ենթարկեն»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին