▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոստիկանությունը փորձել է ճշտել՝ Վեհափառը եկել է իր կողմից ղեկավարվող շարժման սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ ոչ»․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով երեկ Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպի մասին, ասել է․ «Նախ պետք է արձանագրենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող քաղաքական շարժումը նախորդ օրը և նաև երեկ պետական արարողակարգային միջոցառումներին խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, և երբ երեկ Վեհափառ Հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում, հրավեր չի ունեցել, մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ունեցել է հրավերի ակնկալիք։ Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառը եկել է իր քաղաքական կողմնակիցների ու իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող ու սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակով։ Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցն ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է նրա մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք»։

***

ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների հանդեպ դաժանությամբ, արժանապատվությունը նսեմացնող, ատելության ու վիրավորանքի խոսքով ուղեկցվող անհամաչափ գործողությունները ցույց են տալիս, որ մեր երկիրն արդեն դարձել է ոստիկանապետություն։
Չեն գործում ոչ միայն օրենքն ու օրինականությունը, այլև բարոյական, ազգային, մարդկային նորմերն ու արժեքները։
Իշխանությունը պահելու համար մի շարք երկրներ գնացել և փորձում են գնալ այդ ճանապարհով, բայց այսօր՝ այժմյան աշխարհում, նման պետություների ռեժիմները դատապարտված են կործանման։ Ի վերջո դա խնդիր է առաջացնելու թե՛ պետության ներսում և թե՛ արտաքին աշխարհի հետ։
Նախօրեին Սարդարապատի հուշահամալիրի մոտ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևոր հայրերի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացրած գործողություններն աննախադեպ էին: Դա հետևանքն է այն ճանապարհի, որով ընթանում է այս իշխանությունը, ինչը չի կարող չապականել նաև ոստիկանական համակարգը:
Այդ խայտառակ միջադեպի համար Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անձամբ պաշտոնապես ներողություն խնդրել Վեհափառից և եկեղեցուց»։

***

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկ Սարդարապատում տեղի ունեցած ամոթալի միջադեպը Փաշինյանի ստորության ու բարոյազրկության հերթական ու ցավոք՝ ոչ վերջին դրսևորումներից է։ Առհասարակ, ինքը մշտապես փորձում է գործողությունների ընթացքը տանել հնարավորինս ստոր, տմարդի ու պատվազուրկ ճանապարհով, այսինքն՝ իջեցնել բոլորին իր մակարդակի վրա, որովհետև այդ տիրույթում ինքն անգերազանցելի է։
Հայ առաքելական եկեղեցին, լինելով հայ ազգային ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը, մշտապես հանդես է եկել հասարակական համերաշխության, պետականության ու ազգային արժեքների պահպանման դիրքերից։ Իշխանությունների նման պահվածքը ցույց է տալիս, որ Փաշինյանն ամեն գնով փորձում է եկեղեցին դարձնել թիրախ՝ ներքաշելով քաղաքական պայքարի մեջ։
Բարոյազրկել, քանդել, կործանել ամեն ինչ, ամեն հայկականը, ամենն, ինչի վրա հիմնված է մեր ինքնությունն ու պետականությունը, հենց սա է Փաշինյանի նպատակը։ Իսկ դա թույլ չտալու համար պետք է երբեք չխաղալ նրա կանոններով, պետք է գործի դնել սեփական խաղը, սահմանել արժեքներ ու հենց այդ տիրույթում էլ նրան հեռացնել՝ կանխելով մեր պետության համար հետագա վտանգավոր զարգացումները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին