«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«Ինչպես հայտնի է, օգոստոսի 31-ին Հատուկ քննչական ծառայությունը նոր տեղեկություններ է հաղորդել հուլիսի լույս 30-ի գիշերը Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործի մասին:
ՀՔԾ հաղորդագրությունը բավական մեծ էր ու մանրամասն, բայց մեր ուշադրությունը գրավեց հատկապես հետևյալ կտորը. «Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական լայնածավալ գործողությունների արդյունքում առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար նախաքննության այս փուլում քրեական հետապնդում է իրականացվում արդեն 6 անձանց նկատմամբ: Նրանցից 4-ին մեղադրանք է առաջադրվել խմբով խուլիգանություն կատարելու և լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը՝ խոչընդոտելու համար, և նրանց նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ երկու անձանց մեղադրանք է առաջադրվել լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը՝ խոչընդոտելու համար, նրանց նկատմամբ ընտրվել է անազատության մեջ պահելու հետ չկապված խափանման միջոց»:
«ՉԻ» տեղեկություններով՝ մեղադրանք առաջադրված 4 անձինք որևէ առնչություն չունեն այդ օրվա դեպքերի, ավելի որոշակի՝ այդ օրը իրականացված խուլիգանությունների հետ: Գործը «կարելու» համար պարզապես գտնվել են մարդիկ, որոնք կարող էին ամեն ինչ վերցնել իրենց վրա:
Հիմա ՀՔԾ-ն կարող է հրապարակել մեղադրանք առաջադրված անձանց լուսանկարները, կամ էլ «02» հաղորդաշարը թող մի ծավալուն ռեպորտաժ «սարքի» մեղադրյալների մասին: Դրանից հետո բազմաթիվ հարցեր կառաջանան, որոնց անկեղծ պատասխանելու դեպքում՝ հասկանալի կդառնա, թե որն է այդ մարդկանց առնչությունն այդ դեպքերին:
Ի դեպ, այս պահին որևէ մեղադրանք առաջադրված չէ ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի ու ոստիկանապետի թիկնազորի ներկայացուցիչ Գագիկի (մականունը՝ «Նասկի») նկատմամբ: Մինդեռ այս մարդիկ ակտիվ մասնակցություն են ունեցել այդ օրվա դեպքերին: Անգամ հասցրել են, պատկերացնում եք, վիրավորվել: Խոսակցություններ կան, որ «Նասկին» լրագրողների կյանք է փորձել փրկել ու վիրավորվել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։