ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հերքել է լրատվամիջոցների տեղեկությունները, թե օրեր առաջ Գորիսում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի՝ Էյներ Խաչատրյանը ծեծել, առեւանգել կամ դանակահարել է երկու երիտասարդների:
«Չկան ձերբակալվածներ, եւ չեմ ցանկանում կանխավ կարծիք հայտնել, բայց լրատվամիջոցներում գոյություն ունեցող բոլոր վարկածները` դանակահարություն, առեւանգում, ծեծ, իրականությանը չեն համապատասխանում: Մի քանի ուղղություններով ճշտվել է», - ասել է նա:
Նրա խոսքով` Սուրիկ Խաչատրյանի եղբորորդի Էյներ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել՝ քրեական հանցակազմ պարունակող երեւույթներ չլինելու պատճառով:
Իսկ, ահա Սյունիքի մարզպետը հակառակն է պնդում. «Իհարկե, ծեծկռտուք է եղել եւ դանակահարություն, այսինքն՝ քրեական էլեմենտներ կան, բնականաբար, դա ողջունելի չէ եւ չի ողջունվում ոչ մի կերպ», - Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ ասել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը` ի պատասխան ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ի՞նչ գնահատական է տալիս մարզպետը Գորիսում անպատժելիության մթնոլորտի արդյունքում տեղի ունեցած վերջին միջադեպին:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին` Էյներ Խաչատրյանը ոչ սթափ վիճակում ծեծի է ենթարկել երկու հոգու: Ըստ այդմ, Էներ Խաչատրյանն իր ընկերների հետ մտել է Գորիսում Կուլակ մականունով հայտնի մարդու տուն եւ դաժան ծեծի ենթարկել նրա որդիներին՝ Արթուրին եւ Գոռին: Ապա ոստիկանությունից տեղեկացանք, որ Արթուր Հ.-ն ներկայացել է ոստիկանության Գորիսի բաժին և տվել բացատրություն: