Արդեն տեղեկացրել ենք, որ «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխության ընթացքում դահլիճում համաշխարհային մեծության աստղերը Լոս Անջելեսում գործող հայկական «Big Mama's & Papa's Pizza» պիցցերիայի արտադրանքն են համտեսել: Ուշագրավն այն էր, որ այն անձամբ մատուցվել և առաքվել էր պիցցերիայի սեփականատեր Էդգար Մարտիրոսյանի կողմից:
Վերջինս հետագայում հյուրընկալվել և կիսվել էր իր տպավորություններով «Օսկարի» հանդիսավարուհի Էլեն Դեջեներեսի հաղորդման շրջանակներում: Սակայն «Օսկարի» ժամանակ հայտնի դերասանների հետ հանդիպում կազմակերպելն Էլենի կողմից տղային մատուցած միակ անակնկալը չէ: Վերջինս Էդգարին ևս մեկ անգամ հրավիրել էր իր հաղորդմանը, որի հյուրն էր տղայի սիրած դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը: Թեև պետք է նշենք, որ երբ Էլենը Ջուլիա Ռոբերթսին պատմում էր Էդգարի մասին, ասաց, որ տղան Ռուսաստանից է և չնշեց նրա ազգությունը:
Առաջարկում ենք դիտել մեր հայրենակցի և համաշխարհային հռչակ վայելող դերասանուհու բացառիկ հանդիպման մասին պատմող տեսանյութը, որտեղ Էդգարի արձագանքը բոլոր տեսակ նկարագրություններից շատ ավելի խոսուն է: