▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որտե՞ղ են հիմա գումար վաստակում մեր ամենահայտնի երգիչ-երգչուհիները. այ, թե ինչ է լինում ամենավերջում…Անի Քրիստի

Դիտեք նաև՝

Asekose.am-ը զրուցել է արդեն մի քանի տարի ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Անի Քրիստիի հետ` երաժշտական տևական դադարների, դժվարությունների, հայրենիքը կարոտելու, ամերիկյան երազանքի մասին և ոչ միայն:

-Հարցազրույցին նախապատրաստվելիս պարզ դարձավ, որ 2014-ը տեսահոլովակների առումով Ձեզ համար բավական բուռն տարի էր: Որոշակի դադարից հետո  մեկ տարում ներկայացրեցիք երեք տեսահոլովակ, սակայն այս տարի դեռևս որևէ նորությամբ հանդես չեք եկել: Ի՞նչ սպասենք Անի Քրիստիից 2015-ին:

-Ծրագրած շատ նախագծեր կան, որոնք սկիզբ կառնեն 2015-ին և շարունակություն կունենան: Շուտով լույս կտեսնի Լոս Անջելեսում կայացած իմ առաջին մենահամերգի DVD տարբերակն ու իմ մասին պատմող վավերագրական ֆիլմը, որը ևս կզետեղվի տվյալ տեսաերիզում:

-Միաժամանակ, չենք կարող նաև չփաստել, որ այսօր հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների համար մասսայականության որոշակի չափանիշ են համարվում յութուբյան դիտումները: Ուսումնասիրելով Ձեր վերջին տեսահոլովակների դիտումները և դրանք համեմատության մեջ դնելով շատերի տեսահոլովակների հետ (խոսքը հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների մասին է), որոնց դիտումները գերազանցում են նույնիսկ մեկ միլիոնը,  հասկանում ենք, որ  դիտումների առումով Դուք  զիջում եք շատերին: Ինչո՞վ է սա պայմանավորված, գուցե հետաքրքրության նվազմա՞մբ:

-Աշխարհում շատ հաջողված խմբեր և անհատներ կան, որոնց նույնպես քիչ թվով են դիտում, բայց կարող ես վստահ ասել, որ like-ը հավաքված չէ անօրինական ճանապարհով: Շատ անգամ դասական աշխարհում հանդիպում են շատ մեծությունների, որոնց դիտումները ևս քիչ են, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանց պահաջը նվազել է: Ինչ վերաբերում է մեր շոու բիզնեսին` չեմ կարող հստակ ասել` ում դիտումներն են, իրոք, կեղծված, ումը` ոչ. դա իմ ոլորտը չէ: Ես սիրում եմ իմ աշխատանքը, որը, միգուցե, ոչ այդքան հաճախակի բնույթ ունի, բայց անելու դեպքում էլ մեծ ուժ և եռանդ եմ ներդնում, որպեսզի այն կայացնեմ: Միգուցե իմ մեղավորությունն էլ կա, որ հիմա իմ հանդիսատեսն ինձ այդքան հաճախ չի տեսնում եթերում կամ ամենուրեք համերգների ժամանակ, բայց մի բան հաստատ կարող եմ ասել` դա ինձ չի զայրացնում և չի չարացնում` առավել ևս իմ գործընկերների նկատմամբ, ովքեր ավելի շատ դիտուներ ունեն այս պահին, քան՝ ես: Ամեն մի հաջողություն, որը գրանցվում է նրանց կողմից, ես համարում եմ նաև իմը: Ապրելով հայրենիքից հեռու` մտահորիզոնդ և արժեքներդ կտրուկ փոխվում են, որը երբեք չէր կարող լինել նույնն այն ժամանակ, երբ հայրենիքում էիր:

-Նախքան ԱՄՆ-ը մեկնելը համարվում էիք հայկական շոու բիզնեսի տքնաջան աշխատող երգչուհիներից մեկը, սակայն ԱՄՆ-ում հաստատվելուց հետո այստեղի հանդիսատեսը որոշակի առումով կորցրեց Ձեզ, և որքան էլ, որ Դուք այդտեղ աշխատում եք, այսօր Երևանում Անի Քրիստիին կարծես թե հիշում են ոչ թե նոր տեսահոլովակներով, այլ` նախկինում կատարված աշխատանքներով, սա Ձեզ համար ցավալի՞  փաստ է:

-Գտնվելով Լոս Անջելեսում՝ արդեն հասցրել եմ ունենալ երկու ձայնասկավառակ և բազում տեսահոլովակներ: Արդեն ճանաչելի եմ տեղի հայկական համայնքին, ունեմ շատ նվիրված և հավատարիմ ընկերներ, գործընկերներ և պարզապես հանդիսատես: Շատ ուրախ եմ, որ ժամանակին այնպիսի ճիշտ աշխատանք եմ կատարել, որ առ այսօր կարողանում եմ երգերիս տեսքով գոհացնել իմ ունկընդրին: Ինձ պետք էր մի փոքր հաստատվել սփյուռքում, ինչը և արեցի, սակայն դեռ շատ անելիքներ ունեմ: Ինչ վերաբերում է ցավալի փաստ լինելուն` սա այն ոլորտը չէ, երբ կարող ես նման մանրուքների համար ցավել: Հոգիս ավելի կցավի, երբ հարազատ մեկի կամ ընկերոջ կորուստ ունենամ կամ էլ լսեմ մի բան, որն իմ հայրենիքում կարող է խուճապ առաջացնել: Նման նեղ մասնագիտական և կյանքում ոչ այդքան կարևոր թեմաներին ես այդքան տեղ չեմ տալիս: Ինձ համար հոգևոր աշխարհը շատ ավելի կարևոր է, քան այն, ինչ հիմա կցանկանայիք լսել…

-Ի՞նչ եք կարծում, եթե  այդպես էլ Հայաստանից չտեղափոխվեիք, ինչպե՞ս Ձեր ճակատագիրը կդասավորվեր մասնագիտական առումով:

-Կա մի տեղ, ուր հասնելուց հետո էլ ոչ մի գագաթ չկա նվաճելու: Այն ժամանակ, երբ ակտիվ գործունեություն էի ծավալում, եղան բաներ, որոնք առաջին անգամ էին ոլորտում`ձայնասկավառակի ձևավավորումից սկսած մինչև «Անի Քրիստի» կոնֆետներ, որոնք Բելգիայից էին հատուկ պատվիրվում: Համերգ, որը տեղի ունեցավ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, տեսահոլովակներ, որոնց երգերը հիթեր դարձան իմ տաղանդավոր երգահան ընկերների շնորհիվ և այլն… Չթվա, թե հիմա փորձում եմ ինձ գովել կամ գերագնահատել այն աշխատանքը, որն արվել է, պարզապես հստակության համար չեմ կարող չնշել այն, ինչ եղել է, դրանից առավել էլ ի՞նչ, էլ ո՞ւր: Ինքներդ էլ ինձնից ավելի լավ եք գիտակցում, որ մեր փոքրիկ երկրում շատ բան անել ոչ թե չի կարելի, այլ պարզապես անիմաստ է. սպառելու ոլորտ չկա: Իսկ հիմա ես եմ ուզում հարց ուղղել, իհարկե, այն ինձ համար շատ ցավալի է, բայց  արդիական… Ինչո՞վ են հիմա զբաղված և որտե՞ղ են գումար վաստակում մեր ամենահայտնի երգիչ-երգչուհիները: Կարող եմ չպատասխանել, դրա պատասխանն բոլորս էլ լավ գիտենք: Այ, թե ինչ է լինում ամենավերջում. սա էլ Ձեր հարցի հստակ պատասխանը:

-Տեղյակ եմ, որ չնայած այն բանին, որ միառժամանակ հանդես չէիք գալիս նոր տեսահոլովակներով, բայց երբեք չեք դադարել աշխատել և ստեղծագործել, ինչպիսի՞ն է Ձեր առօրյան հատկապես որպես երգչուհի:

-Ես որպես երգչուհի առօրյա չունեմ, որպես մարդ` այո, այն էլ բավական հարուստ: Ես ապրում եմ երգչուհու կյանքով, երբ լուրջ համերգի եմ պատրաստվում կամ ձայնասկավառակ եմ թողարկում: Կյանքում կարողացել եմ ինձ վարժեցնել այն մտքին, որ եթե բեմն ինչ-ինչ պատճառներով չլինի, չպետք է դրանից ընկնել դեպրեսիայի մեջ: Բավական պրոֆեսիոնալ եմ նման դեպքերից խուսափելու համար: Այո, կարող է տարօրինակ թվալ, բայց կարող եմ ասել, որ ունեմ երկու կյանք: Մեկը բեմում, մյուսը` բեմից շատ ավելի հեռու` որպես Անի, ով  սովորական մարդ է, լավ ընկեր և տան արժանի զավակ:

-Բացահայտում էր նաև այն փաստը, որ Դուք ի տարբերություն  ամերիկաբնակ երգիչ-երգչուհիների` մերժում եք հարսանեկան խնջույքներում հանդես գալու առաջարկները… Նույն ճակատագրին են արժանանո՞ւմ նաև մյուս կորպորատիվ առաջարկները: Ի վերջո, ինչպե՞ս եք կարողանում գումար վաստակել:

-Իսկ Ձեզ որտեղի՞ց այն տեղեկությունը, որ գումար աշխատելու միակ աղբյուրը պետք է համարեի հարսանյաց հանդեսներն ու կորպորատիվ ելույթները (ժպտում է):

-Կարծիք կա, որ ԱՄՆ-ում հաստատվելու դեպքում շատերն ունենում են ամերիկյան երազանք: ԱՄՆ-ում ապրելով` Ձեզ համար ծրագրերի և երազանքների որոշակի տեսլական ստեղծե՞լ եք, և ամենակարևորը` այս տարիների ընթացքում Ձեր ո՞ր ցանկություններն  եք կարողացել իրագործել:

-Ամերիկյան երազանքի մասին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև ի սկզբանե չեմ ունեցել այն, իսկ մարդկային, անիական, իհարկե, ունեցել եմ` այն էլ շատ: Ավելին` բոլոր նպատակներս, որոնք մտադրվել էի անել, իրականացրել եմ: Մնացածն էլ ուղղակի ժամանակի խնդիր է:

-Մեկ անգամ խոսելով ամերիկյան շոու բիզնեսում հայտնվելու մասին, ասել եք հետևյալը. «Այստեղի շուկա ներխուժելն ինքնանպատակ չեմ դարձրել: Փորձում եմ համատեղել, լավ տիրապետել անգլերենին, թեեւ շատ դեպքում միայն լեզուն չի փրկում: Երգիչներն այստեղ անչափ շատ են, ավելի շատ բախտի գործոնը կա: Թե ինչքանո՞վ եմ բախտավոր, պարզ կդառնա ապագայում»: Կարծես թե միայն բախտի վրա հույս դնելով ոչինչ չի ստացվում, մի՞թե ամեն ինչ այդքան անիրական է:

-Իհարկե, միայն բախտի հարց չէ, բայց իմ կյանքի փորձից եմ ասում, որ իմ բախտը շատ անգամ ավել է բերել, քան այն մարդկանցը, ովքեր այդ նույն երազանքին հասնելու համար օր ու գիշեր աշխատել են: Միայն իմ փորձից եմ այդպես ասել և ասում: Մնացածների մասին ոչինչ ասել չեմ կարող և իրավունք չունեմ: Չեմ ուզում թվա, թե հույսս միայն բախտի վրա եմ դրել: Ես աշխատել եմ իմ նպատակներին հասնելու համար և արել եմ այն ամենակարևորն արդար ճանապարհով: Ինչ-ինչ բացթողումներ էլ եթե եղել են կամ կան, պարզապես պահի ազդեցության տակ ծուլանալու հետևանք են: Մնացած դեպքերում ինձ ոսկե սկուտեղի վրա ոչինչ չի մատուցվել. սեր դեպի աշխատանք, աշխատասիրություն դրան հասնելու համար և, իհարկե, բախտավոր աստղի տակ ծնվելու բախտավորություն (ժպտում է), ահա և վերջ:

-Անի, տարիներ շարունակ ապրելով ԱՄՆ-ում, ինչի՞ հետ այդպես էլ չկարողացաք հարմարվել և ի՞նչն եք կարոտում ամենից շատ:

-Հարմարվել եմ… Կարոտում եմ ևս…

-Չենք կարող փաստել, որ Դուք հաճախ եք լինում Երևանում` թեկուզ ոչ աշխատանքային այցերով, ինչպես նաև Ձեր հարցազրույցներում երբեք էլ չեք նշում, որ կարող եք կրկին վերադառնալ հայրենիք (իհարկե, նաև չեք բացառում),.. Ինչո՞ւ Երևանում ապրելն այլևս Ձեր ծրագրերում կարծես թե չկա, հոգսերը և խնդիրներն են ստիպում չմտածե՞լ  վերադառնալու մասին:

-Ի՞նչ հոգսի և խնդրի մասին է խոսքը: Ի՞նչ եք կարծում այդ հոգսերը չկան օվկիանոսից այն կողմ: Ես ուզում եմ Ձեզ հիասթափեցնել և ասել, որ դրանք ավելի շատ են հայրենիքից դուրս, քան ներս և դրանք առկա են իմ կյանքում ևս: Հիմա իմ կյանքը ծավալվել է ԱՄՆ-ում, իսկ թե ինչ կլինի հետո` Աստված միայն գիտի: Ես դուրս եմ եկել իմ հայրենիքից սիրով և ուրախ, դա հոգսերից  փախչելու որոշումն չէ եղել: Եվ վերադառնալու եմ նույն հույզերով, որով և այն թողել եմ:

-Այսօր համացանցի շնորհիվ տարածությունը և հեռավորությունը երբեմն հետին պլան են մղվում, հետևո՞ւմ եք հայաստանյան իրադարձություններին, ի՞նչն է ոգևորում, ի՞նչ է տխրեցնում:

-Այո, հետևում եմ. ավելի շատ, քան երբ ապրել եմ Հայաստանում: Ոգևորում եմ լավը, տխրեցնում է վատը: Ես նույնպես Հայաստանի քաղաքացի եմ, ով ամեն վայրկյանն ապրում է հայի հոգով, թեկուզ հարազատ ափերից հեռու:

-Եվ զրույցի վերջում անցում կատարենք Ձեր անձնականին, թեև մեկ անգամ ասել եք, որ չեք սիրում այն քննարկման թեմա դարձնել: Այնուամենայնիվ, այսօր ունե՞ք սիրելի տղամարդ Ձեր կողքին:

-Այս անգամն էլ հերթականներից չի տարբերվում. այն այս անգամ ևս քննարկման ենթակա չէ:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին