▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Orange Fitness-ի մարզիչները միջազգային առաջնությունից Հայաստան են վերադարձել հաղթանակով

Այս տարի Մոսկվայում տեղի ունեցած Mr. Olympia միջազգային առաջնությանը Հայաստանը ներկայացրած և հաղթանակ բերած Orange Fitness ակումբի մարզիչների հետ զրուցել է Asekose.am-ի թղթակիցը:

- Շնորհավորում ենք տղանե՛ր: Հովհաննե՛ս, միջազգային առաջնությունում առաջին անգամ մասնակցելով, արծաթե մեդալակիր դառնալն արդեն մեծ հաղթանակ է, եթե հաշվի առնենք, որ մրցակիցներդ բազմամյա փորձ ունեին: Ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ հնչեց քո անունը:

- Շնորհակալ եմ: Շատ ուրախացա, չնայած ներքուստ վստահ էի, որ հաստատ մրցանակային տեղ կունենամ, բայց միևնույն է, միշտ սրտատրոփ սպասում ես՝ երբ անունդ կհնչի բեմից:  Շատ հպարտ էի, որ Mr. Olympia առաջնությանը ներկայացնում էի Հայաստանը և մեր ակումբը:

- Իսկ ո՞րն է քեզ համար հաղթանակի արժեքը:

- Սպորտսմենի համար մրցանակը տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքի արդյունքն է, այն որ նա հաղթել է ինքն իրեն, այն, որ հաղթել է սովը, ծարավի նկատմամբ այդ երեքօրյա դաժան զգացումը: Եվ այդ բոլոր հաղթանակներն ամփոփվում են մի փոքր մեդալի մեջ, որն ամեն ինչ է համարվում մարզիկներիս համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

- Գևո՛րգ, գիտեմ, որ առաջին անգամ ես մասնակցում նմանատիպ միջազգային առաջնության, և 5-րդ տեղն արդեն իսկ մեծ բան է: Ինչպիսի՞ն էին քո զգացողությունները:

- Համարում եմ, որ հաջող սկիզբ էր, քանի որ ընդամենը 2 տարի է, ինչ զբաղվում եմ պրոֆեսիոնալ բոդիբիլդինգով, իսկ մրցակիցներս տարիների փորձ ունեին: Զգացողություններս շատ դրական էին: Նկարների մեջ ժպիտս ամեն ինչ ասում է:

- Ինչպե՞ս հաջողվեց կարճ ժամանակում ձեր մարմնին նման տեսք տալ և նման արդյունքներ գրանցել:

- Պատասխանը շատ պարզ է. պատրաստվել ենք շատ լրջորեն: Մեր ակումբն էլ ստեղծել էր բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի կարողանանք ցանկալի արդյունքների հասնել: Պարապմունքների արդյունքում Գևորգը նիհարեց 19 կգ, իսկ ես `17 կգ, որպեսզի մեր քաշն ու հասակը համապատասխանեին մրցույթի պահանջներին:

- Կարո՞ղ եք նման մարմին կերտել ուրիշների համար:

- Իհարկե: Ինչպես որ մեր մարմինն ենք բերում գեղեցիկ տեսքի, այնպես էլ աշխատում ենք մեր ակումբի անդամների հետ, քանի որ դա մեր ակումբի աշխատանքային սկզբունքն է՝ անել այնպես, որ մարզասրահ ոտք դրած հաճախորդը հասնի ցանկալի արդյունքի, որի համար մենք ջանք ու եռանդ չենք խնայում:

- Շատերը գուցե չգիտեն, թե ինչ է իրենից ներկայացնում Mr. Olympia-ն: Կներկայացնե՞ք:

- Mr. Olympia-ն համաշխարհային ճանաչում ունեցող միջազգային առաջնություն է, որին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների բարձր վարկանիշ ունեցող ֆիթնես ակումբների ներկայացուցիչները: Այն մեծ տոն է բոլոր բոդիբիլդերների համար. պատկերացրե՛ք՝ այն նման է Օլիմպիական խաղերին: Mr. Olympia-ին Հայաստանից մասնակցել ենք միայն մենք՝ Orange Fitness-ի մարզիչներս: Մեր երկիրն այս առաջնությանը մասնակցում էր 1-ին անգամ:

- Որպես մարզիչ ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր այսօր չեն զբաղվում սպորտով և չեն հետևում իրենց կազմվածքին:

- Խորհուրդ կտանք ճիշտ սնվել. ուտեն  հաճախ, շատ ջուր խմեն` ուտելուց առաջ և հետո կես ժամ դադարով, չխմեն ուտելու ընթացքում, գազային ըմպելիքներ չօգտագործեն, սահմանափակեն աղը, պարզ ածխաջրերը և ապրեն առողջ: Բացի այդ, կհորդորենք՝ չհետևեն ցանկացած դիետայի և չվնասեն իրենց օրգանիզմը: Ինտերնետում ուղղակի տեղադրված են տարբեր տեսակի դիետաներ, որոնք չունեն որևէ գիտական հիմք: Դրանց շնորհիվ շատերը կկորցնեն քաշ, սակայն հարց է, թե դրա հետ մեկտեղ է՛լ ինչ կկորցնեն: Օրինակ՝ միայն սպիտակուցային (կետոզային) դիետան կարող է անդառնալի հետևանքներ ունենալ լյարդի ու երիկամների վրա: Այդ պատճառով պետք է ուղղակի ճիշտ սնվել, զերծ մնալ ավելորդ ու սխալ դիետաներից և ամսվա մեջ գոնե 24 ժամ զբաղվել սպորտով,-Asekose.am-ի հետ զրույցն այսպես եզրափակեցին Orange Fitness ակումբի մարզիչները:

Վերջում նշենք, որ այս տաղանդավոր մարզիչները, որոնք հպարտորեն ցուցադրում են իրենց մարմինը տարբեր բեմերում, իրական կյանքում շատ համեստ տղաներ են. նույնիսկ ամաչում էին խոսել իրենց որակավորումների մասին: Նրանք նաև մասնակցել էին բոդիբիլդինգի Հայաստանի առաջնությանը և տարբեր քաշային կատեգորիաներում զբաղեցրել տեղեր. Հովհաննեսը՝ 1-ին, Գևորգը՝ 4-րդ: Պարզեցինք նաև, որ Հովհաննեսը կենսաբանական գիտությունների թեկնածու է, ՀՀ սպորտի վարպետ, ձյուդոյի միջազգային մրցաշարերի հաղթող, Գևորգն էլ թեթև ատլետ է, Սիրիայի հեռացատկի ու եռացատկի առաջնությունների չեմպիոն:

Մարզիչներին մաղթենք հաջողություն և բազում հաղթանակներ:

72157649700157715

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին