Մայիսի 11-ին Ջավախքի ծնողազուրկ թվով 61 երեխաներ հավաքվել էին Ախալքալաքի Սուրբ Խաչ Եկեղեցու կամարների ներքո: Սուրբ և Անմահ պատարագի ավարտին՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության աշխատակիցների կողմից բաժանվեց ՀՕՖ-ի հերթական ֆինանսական աջակցությունը:
Տաս տարուց ավել է, ինչ բարեխնամ այս կազմակերպությունը, իր շրջանակները լայնացնելով, օգնության ձեռք է մեկնել Ջավախք աշխարհում ծնված և որբության դառնությունը զգացած երեխաներին: Մայիսյան այս արևոտ օրը ևս հերթական սպասումնալից ու ուրախ օր էր ծնողազուրկ երեխաների համար:
Երեխաներն իրենց աղոթքներում հիշեցին բարերարներին, ծրագրի կազմակերպիչներին և բոլոր այն մարդկանց, որոնք, ապրելով հեռավոր Միացյալ Նահանգներում, չեն զլանում իրենց արդար քրտինքի վաստակից մասնաբաժին հանել որբության դառնությունը ճաշակած Ջավախքի երեխաներին:
Սամցխե-Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանը եկեղեցում հավաքվածներին իր խոսքում շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք.եպիսկոպոս Պարսամյանին, Ամերիկայի ՀՕՖ-ի գրասենյակի վարիչ-տնօրեն Պարոն Գառնիկ Նանագուլյանին, ՀՕՖ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Էդիկ Կարապետյանին, և բոլոր նրանց, ովքեր իրենց լուման են ներդրել այս բարի, ազգանվեր ու եկեղեցանվեր գործի կայացման ու իրականացման համար:
Նշենք, որ ՀՕՖ-ը կազմավորվել է 1988 թվականին՝ ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արք.եպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ և անմիջական աջակցությամբ Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո կարիքի մեջ հայտնված ժողովրդին անհապաղ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով:
Ներկայումս ՀՕՖ-ը զբաղվում է մարդասիրական օգնությամբ, սոցիալական և տնտեսական օգնության զարգացմամբ և կրթական ծրագրերի աջակցությամբ:
Հայ Օգնության Ֆոնդի CASP (ծնողազուրկ երեխաների խնամակատար հանձնախումբ) ծրագիրն ուղղված է ծնողազուրկ երեխաներին սոցիալական աջակցություն ցուցաբերելուն: Այն գործնեություն է ծավալում ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Ջավախք լեռնաշխարհում: Ծրագիրն սկսվեց Ախալքալաքով և տարածվեց տարածաշրջանի գյուղերով մեկ, ծրագրում ներառված են թվով 61 երեխաներ, որոնք այս նպաստի շնորհիվ կարողանում են լուծել որոշ սոցիալական և կենցաղային խնդիրներ:
Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան