Երգչուհի Լիլիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Սիրելի ընկերներ, երկրպագուներ... Ինչպես երևի նկատել եք, Youtube-ի իմ ալիքը որոշ չարամիտների ջանքերով ջնջվել է: Ներկա պահին տեսահոլովակս, որը ձեր շնորհիվ հավաքել էր ավելի քան 300.000 դիտում, անհասանելի է: Բայց շուտով այն նորից կհայտնվի Youtube-ում»:
Asekose.am-ի թղթակիցը փորձեց կապվել երգչուհու հետ` ճշտելու բոլոր մանրամասները:
Մեզ հետ զրույցում Լիլիթ Կարապետյանը նշեց, որ այդքան էլ լավ չի հասկանում այս ամեն ինչից, սակայն մեկ բան շատ լավ է հասկանում, որ սա միայն իրեն վնասելու նպատակով է արված:
«Երևի թե չկարողացան տանել իմ հաջողությունը, տեսահոլովակիս լավ արձագանքները: Միգուցե շատ շատերի համար չսպասված գործ եմ արել և այս ամենը հենց դրա արդյունքն է»,- մեզ հետ զրույցում նշեց Լիլիթ Կարապետյանը:
Aseskoe.am-ի թղթակցի այն հարցին, թե արդյո ՞ք հնարավոր չէ վերականգնել երգչուհու յութուբյան ալիքը, Լիլիթը պատասխանեց, որ այդ չարագործները բավական լավ են աշխատել, քանի որ այլևս երբեք հնարավոր չէ այն վերականգնել:
«Ոչ թե միայն տեսահոլովակս, այլ Youtube-ի ամբողջ ալիքս են ջնջել: Մեկ բան կարող եմ ասել, որ այս ամենի արդյունքը միայն նախանձն է»,- ավելացրեց երգչուհին:
Թե արդյո՞ք երգչուհին կասկածներ ունի` ով կարող է լինել այս ամենի հեղինակը, Լիլիթը նշեց, որ ճիշտ է, ինքն իր մտքում ունի կասկածներ, սակայն երբեք դրանց մասին չի բարձրաձայնի, քանի որ ապացույցներ չունի:
Իսկ այն հարցին, թե արդյո՞ք այդ կասկածյալները շոու բիզնեսի ասպարեզից են, Լիլիթը պատասխանեց.
«Ամեն ինչ հնարավոր է: Ես անձամբ գործընկերներիս նկատմամբ ոչ մի վատ բան չեմ արել և չեմ անի: Վաղը ծննդյանս օրն է. մտածում էի` միգուցե այս ամենը կատակ է, սակայն հասկանում եմ, որ սրանից լուրջ չի կարող լինել: Ամեն դեպքում այն մարդը, ով դիմել է այս քայլին, իմ ոգևորվածությանս, հույսերիս և տեսահոլովակիս լավ արձագանքների վրա մի մեծ խաչ քաշեց»,- իր խոսքը եզրափակեց Լիլիթ Կարապետյանը:
Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան