««Ժողովուրդ»-ը այս տարվա մարտի 18-ին հրապարակել էր, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում գտնվող «Դիանա» ռեստորանի դիմաց ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Գևորգ Ազիզյանի մասնակցությամբ տեղի էր ունեցել ծեծկռտուք: Ոստիկանապետը ծեծի էր ենթարկել իր հետ վեճի բռնված երիտասարդներին, որոնց մեջ եղել էր նաև ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գևորգյանի եղբայրը՝ Արթուր Գևորգյանը: Դեպքի վայրում էին նաև մարզի դատախազը, քննչական ծառայության ղեկավարը և այլ պաշտոնյաներ, սակայն հետագայում քրեական գործ հարուցվեց ոչ թե ծեծողի, այլ Արթուր Գևորգյանի դեմ, և ոստիկանին դիմադրելու համար նա կալանավորվեց: «Ժողովուրդ»-ի հրապարակումից հետո, սակայն, քրեական գործի ընթացքը փոխվեց, և գործն ուղարկվեց ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որտեղ քննում են ոստիկանապետ Ազիզյանի արարքները: Իսկ Արթուրը ազատ արձակվեց:
Ինչևէ: 4 ամիս տևած քննությունից հետո հատուկ քննչական ծառայությունը որոշեց արդարացնել Արթուր Գևորգյանին և նրա դեմ հարուցված քրեական գործը կարճել: Սակայն, ինչպես նկատում ենք, այս միջադեպից հետո ծավալված իրադարձությունների մասով նոր զարգացումներ կան: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արթուր Գևորգյանի՝ թմրանյութ օգտագործելու մասով ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական բաժնում քննություն է ընթանում: Բանն այն է, որ կալանավորելուց հետո Արթուր Գևորգյանին ստուգել էին և, ըստ ստացած եզրակացության, նա թմրանյութ էր օգտագործած եղել, սակայն Արթուրը ասել է, որ նա երբեք չի օգտագործել և չգիտի անգամ դրա օգտագործելու ձևը: Նախօրեին մեզ տեղեկություններ հասան այն մասին, որ Արթուր Գևոգյանին հրավիրել են քննչական բաժին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։