Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում սեպտեմբերի 6-ին գրել էր, որ նկարահանվում է ՀՀ օրհներգի նոր տեսահոլովակ, որտեղից բացակայելու են Արցախին առնչվող պատկերները։
«Արդեն շատ երկար ժամանակ է, ինչ ամեն օր ուղիղ կեսգիշերին հայկական բոլոր հեռուստաալիքներով ցուցադրվող ցանկացած հաղորդում ընդհատվում է, հնչում է ՀՀ օրհներգը, և Հայաստանից ու Արցախից գեղեցիկ կադրեր են ցուցադրվում։ Պարզվում է, հեղափոխական իշխանությունները որոշել են «թարմացնել» նաև այդ կադրերը, ու հիմա ահռելի գումարներ են ծախսվում նոր հոլովակներ նկարահանելու համար։ Իսկ բուն նպատակն այն է, որ այլևս Արցախից որևէ կադր չցուցադրվի։
Ո՛չ Շուշիից, ո՛չ Գանձասարից, ո՛չ «Տատի-պապիի» արձանից։ Երևի դա նույնպես նոյեմբերի 9-ի «բանավոր փոխըմբռնումների» շրջանակներում է»,- գրել էր վերլուծաբանը։
168.am-ի հետ զրույցում Արմեն Բաղդասարյանը ևս մեկ անգամ պնդել է, որ իր ունեցած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ավելին՝ արդեն տեսահոլովակի նկարահանումները մեկնարկել են, այնտեղ ներգրավված են նաև աշակերտներ։ «Եթե այդ ամենը չհաստատվի, ես պատրաստ եմ հրապարակավ ներողություն խնդրել»,- կայքի հետ զրույցում նշել է նա և հավելել, որ տեղյակ չէ, թե ով է նկարահանում այդ տեսահոլովակը։
Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աննա Օհանյանը տեղեկացրել է, որ Հանրային հեռուստաընկերությունը ներգրավված չէ այդ տեսահոլովակի նկարահանման աշխատանքներում. «Մենք որևէ կերպ ներգրավված չենք, որևէ տեղեկատվություն չունենք»,- նշել է նա։
Կայքը դիմել է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։ Լսելով հարցը, թե ի՞նչ նոր տեսահոլովակ են նկարահանում, ինչո՞ւ են որոշել Արցախից կադրերը հեռացնել, ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանն ասել է, որ հարցն ուղարկվի գրավոր։
Հարցերն արդեն ուղարկվել են ԿԳՄՍ նախարարություն, պատասխանները ստանալուն պես կհրապարակվեն,-նշում է սկզբնաղբյուր կայքը։