«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Օգոստոսի 29-ին ԼՂՀ կառավարության նիստում Արցախի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության պետ Լեւոն Սարգսյանը, ներկայացնելով հավի մսի եւ ենթամթերքի շուկայում իրականացված դիտարկումների արդյունքները, նշել էր, որ մասնավորապես այլ երկրներից ԼՂՀ շուկա ներմուծված հավի միսը ֆիզիկաքիմիական տեսանկյունից չի համապատասխանում սննդի անվտանգության համար սահմանված չափորոշիչներին։
Զարմանալի է, որ Հայաստանի սննդի անվտանգության պետական ծառայությունը ներկրվող հավի շուկայում որեւէ շեղում չի հայտնաբերում, այն դեպքում, երբ Արցախի եւ Հայաստանի շուկա նույն թռչնամիսն է բերվում, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում բուծվող հավերն արտահանվում են Արցախ, իսկ արցախյան հավերը հայտնվում են հայաստանյան սպառողի սեղանին։
Սպառողների ազգային ասոցիացիայի գյուղդեպարտամենտի ղեկավար Լեւոն Աճեմյանը աններելի է համարում Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անտարբերությունը սպառողների առողջության նկատմամբ։ Ի վերջո նաեւ նրանց եւ նրանց հարազատների սեղանին են հայտնվում այն մթերքները, որոնք պիտանի չեն ուտելու համար, բայցեւայնպես դա չի խանգարում, որ պաշտոնյաներն աչք փակեն տնտեսավարողների չարաշահումների վրա։
Լեւոն Աճեմյանի տեղեկացմամբ՝ տեղական ներմուծողները Հայաստան են ներկրում այլ երկրների արտադրության ցածրորակ եւ էժանագին սննդամթերք, քանի որ համեմատաբար ցածր գին սահմանելով՝ կարողանում են սպառողական մեծ շուկա ապահովել իրենց արտադրանքի համար, ինչպես նաեւ էժանագին արտադրանքի վրա որոշակի գումար ավելացնելով՝ գերշահույթներ ստանալ:
Հատկապես շատ վտանգավոր է, երբ սառեցված հավի միսը երկար ժամանակ վաճառակետում մնալով՝ կրկնակի սառեցման է ենթարկվում. «Եթե հավի միսը երկար ժամանակ չի վաճառվում, այն վերամշակում են քացախով եւ այլ մանրէազերծող նյութերով նորից սառեցնում են եւ վաճառում իբրեւ առաջին թարմության մթերք։ Բայց մանրէազերծող նյութերն ի վիճակի չեն ամբողջովին ախտահանելու միսը, ուստի դրանում տարատեսակ հիվանդությունների հարուցիչներ են բազմանում։
Եվ եթե նման միսն օգտագործելուց հետո անմիջապես մարդը չի թունավորվում, ապա տարիների ընթացքում կարող են աղեստամոքսային կամ այլ համակարգի հիվանդություններ առաջանալ։ Պատահական չէ, որ տարատեսակ հիվանդացությունների թիվը աննախադեպ աճել է, դրա պատճառներից մեկն էլ անվերահսկելի եւ շուկայում հայտնված վտանգավոր սննդամթերքի օգտագործումն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում