Հեռուստադիտողներն, այդ թվում հայտնիները, շարունակում են բողոքել Բրազիլիայում ընթացող Ֆուտբոլի աշխարհի առաջնության հայերեն մեկնաբանությունից:
Երեկ հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը գրառում էր կատարել Սլավա Սարգսյանի մեկնաբանությունների մասին` կատակելով, որ ֆուտբոլային մեկնաբանը Գերմանիա-Պորտուգալիա խաղին պատրաստվել է` վերցնելով 1974 թվականի բլոկնոտն ու թերթելով հասել Գերմանիայի էջին:
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն էլ, ով նույնպես հետևում է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, ֆեյսբուքյան իր էջում այսօր գրառում է կատարել` մասնավորապես նշելով.
«ԻնՇպես, առաՇնություն, ինՇքան, ինՇպիսի, կոՇման, մարզիՇներ…և այլն…մենակ ԻգնաՇևիչի շ–ն է ճիշտ, բա էն խեղճ Չ(չ) տառն ու՜ր է ՜՜՜՜՜՜՜ուֆֆֆֆֆֆֆֆ. հայկական մեկնաբանությամբ նայողն ինձ կհասկանա»:
Տեղեկացնենք, որ media.am կայքը մոնիտորինգ է անցկացրել այն մասին, թե ինչպես են սոցիալական մեդիայում մեկնաբանում ֆուտբոլային մեկնաբաններին:
Հիշեցնենք, նաև որ Բրազիլիայում անցկացվող աշխարհի գավաթի առաջնության խաղերը Հայաստանում հեռարձակում է Հանրային հեռուստատեսությունը: