apsny.ge-ն գրում է, որ Ինգա Պավլովան, ում հետ 1991-1994թթ. ամուսնացած է եղել վրացի միլիարդատեր և Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, հայտարարել է, որ մտադիր է դատական հայց ներկայացնել Իվանիշվիլու դեմ:
Նախկին կինը Իվանիշվիլիին մեղադրում է այն բանի համար, որ վերջինս իրենից գաղտնի ամուսնալուծվել է, ինչպես նաև ամուսնալուծությունից հետո անօրինական կերպով օգտագործել իր փաստաթղթերը 11 տարի շարունակ:
Իվանիշվիլիի բիզնեսի մի մասը գրանցված է Պավլովայի անունով, թեև նա վստահեցնում է, որ երբեք կյանքում ոչ մի ընկերություն չի ունեցել։ Պավլովան նշել է, որ այդ մասին հայտնել է Հարկային ոստիկանություն, այնուհետև գործը փոխանցվել է քրեական ոստիկանություն, որտեղից եկել է պատասխանը՝ այո, հանցագործություն կա, սակայն քրեական գործ չի հարուցվի, քանի որ դա վաղուց է եղել։ «Ինձ նման պատասխանը չի բավարարում, 7 տարի առաջ այդքան էլ վաղուց չէ, և ոչ ոք իրավունք չունի օգտագործել իմ անձնական փաստաթղթերը եսասիրական նպատակներով»,- նշել է Ինգա Պավլովան։