«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նախընտրական կրքերն Արթիկում սկսել են թեժանալ, եւ իշխանությունները հասկանալով իրենց թեկնածուի բացերը` գործի են դնում հավանական թեկնածուներին խաղից հանելու կոշտ գործիքներ: Ըստ մամուլում տեւական ժամանակ շրջանառվող լուրերի՝ Արթիկում իշխող ՀՀԿ-ն սատարելու է Անապայում բիզնեսներ ունեցող նախկին ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանին ու քանի որ գնալով համոզվում են, որ Պետոյանը չունի այն հեղինակությունը, որ կարող է ինքնուրույն քաղաքապետ ընտրվել, սկսել են խաղից դուրս բերել հավանական թեկնածուներին: Մասնավորապես արդեն «շարքից հանել» են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանին, որն այլ աշխատանքի տեղավորման խոստման դիմաց այլեւս չի առաջադրվելու քաղաքապետ: Այս օրերին մեծ ճնշումներ են փորձում գործադրել ԱԺ նախկին պատգամավոր, Արթիկի նախկին քաղաքապետի եղբայր Մխիթար Վարագյանի նկատմամբ, ով եւս հավակնում է քաղաքապետ ընտրվել: Հարկային մարմինների հետ խնդիներ են ստեղծվել նաեւ գործարար Արտակ Հարությունյանի դեպքում, ում պատկանող ընկերությունում ստուգումներ են սկսվել: Հարությունյանը եւս, ըստ Արթիկի մեր աղբյուրների, քաղաքում հայտարարել է իր առաջադրվելու մասին: Արթիկում շարունակում են համառ լուրեր շրջել այն մասին, որ այս ողջ գործընթացի հետեւում կանգնած է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, ով ցանկանում է Արթիկի տարածաշրջանից հաջորդ ԱԺ-ում պատգամավոր դառնալ՝ արդեն որպես ռեյտինգային պատգամավորի թեկնածու: Թեեւ ինքը՝ Ցոլակյանը, դա հերքում է: «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն զանգահարած արթիկցի տիկինը խնդրում էր փոխանցել իր խոսքը, որպեսզի իշխանությունները հանձնարարեն Ցոլակյանին առավել զուսպ լինել, թույլ չտան, որպեսզի խառնվի քաղաքի գործերին: Տիկնոջ պնդմամբ՝ շատ-շատերը Արթիկում չեն ցանկանում Մուշեղ Պետոյանին տեսնել քաղաքապետի պաշտոնին, քանիզի նա ոչ միայն տարվա մեծ մասն անցկացնում է Ռուսաստանում, այլեւ նրա եղբայրը բավական սերտ կապերի մեջ է հանցագործ աշխարհի հետ, ու այս ամենից դժվար է լավ բան սպասել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: