▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտադրություն կա` մեռելները թաղել ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց

Երևանի երեք գերեզմանատներն էլ լեփ-լեցուն են։
Գերեզմանոցային հարցը զբաղեցրել է Հայաստանի համարյա բոլոր կառավարություններին հավասարապես։
Հայաստանը, ուզի-չուզի պետք է մեծ խնայողությամբ գործածի իրեն տրամադրված փոքրիկ երկրամասը։
Այդ ուղղությամբ կազմվում են նախագծեր։
Մտադրություն կա, օրինակ, մեռելները թաղել ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց։ Ինչը որ կոլխոզային երկրագործության մեջ կոչվում է «շարքացան»։
Թաղման այս սիստեմը նպատակահարմար է մանավանդ այն պատճառով, որ կարելի է կուսակցականին թաղել գլուխը վեր, իսկ անկուսակցականին գլխիվայր, որով կյանքում եղած անցավոր խտրականությունը հավիտենական կդառնա հուրախություն մեր կառավարության։
Առաջարկ կա այրել մեռելներին։ Բայց Հայաստանը անտառազուրկ երկիր լինելու պատճառով այնքան քիչ վառելիք ունի, որ կենդանի մարդկանց չի կարող տաքացնել ձմեռները, ո՞ւր մնաց մեռելներին վառելը։
Դրանից զատ՝ եթե այդ սիստեմը կիրառվի, վախ կա, որ բազմաթիվ անճարներ իրենց կյանքում գեթ մի անգամ տաքանալու համար... մեռնեն։
Եվ այսպիսի մի շարք «պրոյեկտներ»։ 
Իսկ ես, գիտե՞ք ինչ եմ ասում։
Քանի որ մեր երկրում և՛ ապրելն է այսքան դժվար, և՛ մեռնելը, ամենից հարմարն այն է, որ մարդը... երբեք չծնվի։


Լեռ Կամսար,1958թ.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին