Բուլղարահայ Մանի Վարդան Խաչիկյանը` Մանիտա Վարդանը, դեռեւս 2022-ի հոկտեմբերի վերջին Բուլղարիայում անցկացված գեղեցկության մրցույթում հաղթել է МИСИС БЪЛГАРИЯ 2022 անվանակարգում։ Մոտ 300 մասնակիցներից ժյուրին նրան է տվել լավագույնի կոչումը։
Գրում է Օրերն ու նշում, որ կայքի հետ զրույցում Մանին նշել է, որ այժմ պատրաստվում է մասնակցել Գեղեցկության համաշխարհային մրցույթին։ Մինչ այդ նա հանդես է գալիս բարեգործական նախաձեռնություններով։
Մանին նշել է, որ թեեւ Հայաստանում երբեք չի եղել, բայց երազում է գնալ իր նախնիների հայրենիքը։ Նա հետեւում է, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ Արցախում, իր լիակատար աջակցությունն է հայտնում շրջափակման մեջ հայտնված արցախցիներին։
Մանի Վարդանի Խաչիկյանը ծնվել է բուլղարական Պլովդիվում՝ հայկական ընտանիքում։ Հայրը՝ Վարդան Խաչիկյանն է, մայրը՝ Էլիզաբեթը։ Բարձրագույն կրթությունը ստացել է Պլովդիվում՝ մասնագիտանալով բուլղարական բանասիրության մեջ։ 2015-2017 թթ նա բուլղարերեն է դասավանդել Պլովդիվի հայկական ամենօրյա դպրոցում։ Այնուհետեւ ամուսնացել է բուլղարահայի հետ, ծնվել է նրանց դուստրը՝ Էլիզաբեթը։ Այսօր վեցամյա Էլիզաբեթը հետ չի մնում իր մայրիկի համբավից։ Նա արդեն հասցրել է մասնակցել բազմաթիվ մանկական երգի մրցույթների, շահել մրցանակներ։ Վերջին գլխավոր մրցանակը ստացել է Իտալիայում անցկացված մրցույթում։