Երևանի ավագանին Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին որոշումն արդեն ուղարկվել է ՀՀ կառավարություն. նորանշանակ վարչապետն էլ, ի վերջո, այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Նշենք, որ Երեւանի ավագանին որոշել է Անաստաս Միկոյանի արձանը տեղադրել Իսահակյան-Կորյուն փողոցների միջանկյալ պուրակում։
Մինչ այդ` քաղաքապետարանում այսօր կայացած Երևանի ավագանու մշակույթի, կրթության ու սոցիալական հանձնաժողովի արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Դեմոյանի ներկայացրած փաստաթղթերը, որոնցում նշվում էր, թե ինչ է արել Անաստաս Միկոյանը ստալինյան ռեպրեսիաների ժամանակ:
«Բոլորս եկանք եզրակացության, որ արձանի տեղադրման ու Միկոյանի վերաբերյալ բոլոր հարցադրումները, հասարակության ընդվզումները, մեր ավագանու հանձնաժողովի լիազորությունների մեջ չէ»,-նիստից հետո լրագրողներին հայտարարել է Երեւանի ավագանու ԲՀԿ-ական անդամ Թամար Պողոսյանը, ով էլ ղեկավարում է մշակույթի, կրթության եւ սոցիալական հանձնաժողովը։
Հիշեցնենք, որ Միկոյանի արձանի տեղադրման առաջարկին դեմ էին քվեարկել «Բարև Երևան» խմբակցության բոլոր անդամներն ու Հայոց ցեղասպանության ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: