Ինձ չեն ձերբակալել և չեն ձերբակալում, լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։
Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որեւէ հարցի չի պատասխանելու. «Գնացեք, Արմեն... Նիկողոսյան... մատնաչափիկներից հարցրեք»։
Հարցին՝ ի՞նչ է հայտնաբերվել խուզարկության ժամանակ՝ Հայրապետյանը պատասխանեց. «Մի հատ «ՍՈՒ 35» սամալյոտ են գտել, մի հատ՝ «Տ90» տանկ, մի քանի հատ էլ՝ «БТР» ու «БМП»»: Այլ հարցերի Հայրապետյանը չպատասխանեց եւ լրագրողներին խորհուրդ տվեց սպասել. «Էսօր երեկոյան ամեն ինչ կլսեք»:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ոստիկանության հատուկ ջոկատայինները 6-րդ վարչության աշխատակիցների հետ խուզարկություն էին իրականացնում Ռուբեն Հայրապետյանի տանը եւ նրա անվան հետ կապված մի քանի շինություններում, մասնավորապես՝ «Հարսնաքար» ռեստորանում եւ Զեյթունի արտադրամասում:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը Հայրապետյանին պատկանող բիզնեսների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էր ստացել եւ սկսել նյութեր նախապատրաստել։
Մամուլի հրապարակումների համաձայն` Ռուբեն Հայրապետյանը «Զարգացման հայկական բանկ»-ի եւ «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ԲԲԸ-ի փաստացի սեփականատերն է։ 2012 – 2018 թթ., զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը` Հայրապետյանը ՀՀ մի քանի քաղաքներում կազմակերպել է ֆուտբոլի մարզադաշտերի ու մարզադպրոցների կառուցման եւ վերանորոգման աշխատանքներ, որոնց ընթացքում չի կատարել կամ մասնակի է կատարել պայմանագրերով նախատեսված պարտավորությունները եւ յուրացրել առանձնապես խոշոր չափերի գումարներ: Բացի դա մամուլում ավելի վաղ հրապարակում էր եղել, որ ֆեդերացիան Հայրապետյանի նախագահության ընթացքում միլիոնավոր դոլարների պայմանագրեր էր կնքել հենց Հայրապետյանի ընկերոթյունների հետ՝ շինարարության համար։