▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մեր թվային ապագան լուսավոր է և լի հնարավորություններով․ ԿԲ նախագահ Մարտին Գալստյան

Երևանում ապրիլի 3-ին տեղի ունեցավ տարվա ամենասպասված թվային միջոցառումը՝ Doing Digital Forum-ը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու տնտեսության տարբեր ոլորտներում  թվայնացման վերջին միտումներին, բացահայտելու արհեստական բանականության առավելություններն ու  մարտահրավերները, քննարկելու թվային տրանսֆորմացիայի կարևորությունը: «Հնարավորություններին ընդառաջ» խորագրով ֆորումը կազմակերպվում է SPRING PR ընկերության կողմից արդեն երկրորդ տարին անընդմեջ։
Այս տարի ֆորումի ֆինթեք գործընկերն Ամերիաբանկն էր։


Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ֆորումը նշանավորվեց նոր դեմքերով և թեմաներով՝ հյուրընկալելով ոլորտի համաշխարհային թոփ խոսնակներին և առաջատար փորձագետներին․ ֆուտուրիստ, բանկինգի նոր հայեցակարգի և բեսթսելերներ դարձած մի շարք գրքերի (Bank 2.0, Bank 3.0, Breaking Banks, Bank 4.0, The Rise of Technosocialism) հեղինակ Բրեթ Քինգ, Visa-ի CEMEA-ի ավագ տնտեսագետ և Business and Economics Insights-ի տնօրեն Մոհամեդ Բարդաստանի, Just Better the first People Growth կազմակերպության գործադիր տնօրեն և փորձառու ձեռնարկատեր Դիրք Օլմայեր։
«Համարձակվում եմ ասել, որ մեր թվային ապագան լուսավոր է և լի հնարավորություններով»,- իր ելույթում նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ «Մենք երախտապարտ ենք այս դահլիճում յուրաքանչյուրին, ով հավատում է, որ Հայաստանը մարդկային ուժեղ կապիտալի ու ներուժի շնորհիվ թվային ֆինանսների ոսկե դարի ճանապարհին է։ Սակայն տեխնոլոգիան միայնակ չի կարող հասցնել մեզ վերջնագծին։ Թվային փոխակերպումն ավելի շատ մարդկանց մասին է, քան տեխնոլոգիայի։ Մենք հավակնոտ նպատակներ ենք սահմանել և ցանկանում ենք Հայաստանը դարձնել տարածաշրջանային ֆինթեք հանգույց: Այնուամենայնիվ, փոխակերպման ցանկացած գործընթաց սկսելու համար կա մի պարտադիր բաղադրիչ՝ քաջությունը։ Քաջություն՝ հավատալու քո ուժերին, ընդունելու թույլ կողմերը, երազելու և կիսվելու, ամեն օր աճելու քաջություն»,- ողջույնի իր խոսքում ասաց Ամերիաբանկի տաղանդների կառավարման և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը։
«Երեսուն տարի աշխատելով Գերմանիայում և այլ երկրներում՝ ինձ համար մեծ ուրախություն է հանդես գալ այստեղ՝ Հայաստանում։ Տեխնոլոգիայի դերը բանկային ոլորտում պետք չէ թերագնահատել։ Այսօր բանկային ոլորտում մենք ականատես ենք տեխնոլոգիական աննախադեպ աճի հատկապես արհեստական բանականության զարգացման շնորհիվ։ Այս հեղափոխական փոխակերպումը կարող է հիմնովին վերափոխել բանկային գործառնություններն ու հաճախորդների փորձառությունը։ Տեխնոլոգիական զարգաման շնորհիվ հայկական բանկերի առջև բացվում են բազմաթիվ հնարավորություններ, ինչը թույլ է տալու նրանց զգալիորեն ամրացնել իրենց դիրքը շուկայում։ Այսօր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը վճռորոշ է բանկերի հաջողության համար»,- նշեց Դավիթ Հովհաննիսյանը՝ Ամերիաբանկի տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրենը։
Ֆորումի նպատակն է ներկայացնել ֆինանսական և բիզնեսի տարբեր ուղղություններում թվային փոխակերպման  վերջին  մոտեցումները, քննարկել առկա հնարավորություններն ու դրանց տեղայնացման  առանձնահատկությունները,  համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ՝ նպաստելով երկրի մրցունակության բարձրացմանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին