Երբ ընտրական գործընթացներում աղաղակող խախտումներ չկան, և լավագույն ընտրություններ անցկացնելու գերխնդիրը կարծես իրականություն դառնալու մեծ հավանականություն ունի, բնականաբար այլ բան չի մնում քաղաքական ընդդիմախոսներին, քան մի քանի ոչ էական բացթողում մատնանշել, այսպիսով դրանք ընդհանրացնելով` «չոփը գերան սարքելու» սկզբունքով ազդարարել, որ ընտրությունները շեղվում են օրինական հունից: Միանշանակ է, որ ցանկության դեպքում անգամ Ֆրանսիայի նախագահի ընտրություններում կարելի է այդ կարգի թերություններ վերհանել: Բայց տվյալ դեպքում, երևի, պետք է շարժվել հակառակ տրամաբանությամբ:
Ցավոք, մեր հասարակության մեջ դեռևս կան մարդիկ, ովքեր առաջնորդվում են «հինգամյակը երեք տարում» կամ «պլանը կատարենք 120 տոկոսով» սովետական անորակ լոզունգներով: Հարգելիներս, ինչի՞ կամ ո՞ւմ համար է պետք նախագահի թեկնածուի քարոզարշավի շրջանակներում առանց այն էլ լեփ-լեցուն դահլիճ կամ բացօթյա հանդիպման հավաքատեղի բերել ուսանողներ և ուսուցիչներ: Սա այլ կերպ, քան արջի ծառայություն հնարավոր չէ անվանել:
Ինչ խոսք, նման դրսևորումները համատարած չեն և չենք կարող խոսել ինչ-որ տենդենցի կամ կազմակերպված հրահանգի մասին: Բայց եթե նույնիսկ դրանք մեկ-երկուսն են, միևնույն է բոլորովին չեն նպաստում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի՝ առանց այն էլ բավականին բարձր էլեկտորալ վարկանիշի աճին: Ակնհայտ է, որ ամենաշատը հենց նա նման «ծառայությունների» կարիք չունի:
ՄԻԱԿ քարտուղար Գերասիմ Բարսեղյանի գրառումը՝ ֆեյսբուքյան իր էջից