Այսօր` մայիսի 13-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի իրադարձային համերգը: Հանդես կգա 450 տարվա ավանդույթներ ունեցող Բեռլինի պետական նվագախումբը` մեր ժամանակների ամենախոշոր դաշնակահարներից և դիրիժորներից մեկի` Դանիել Բարենբոյմի գլխավորությամբ: Նա 1992թ.-ից հանդիսանում է Բեռլինի պետական օպերայի գլխավոր երաժշտական տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, իսկ 2000 թվականից Բեռլինի պետական նվագախումբը նրան ընտրել է ցմահ գլխավոր դիրժոր:
Կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանն այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ դասական աշխարհում ավելի նվիրական անձ, քան Բարենբոյմն է, դժվար է պատկերացնել:
«Անսպասելի, բայց երկար տարիների երազանք էր` մաեստրոյին տեսնել Հայաստանում: Նա ոչ միայն երաժիշտ, այլև մեծ փիլիսոփա է»,-ասաց Ստեփան Ռոստոմյանը:
Խոսելով Հայաստան այցի մասին` Բարենբոյմը ասաց, որ երջանիկ է` մեր երկրում լինելու համար: Երկիր, որ աշխարհին տվել է նշանավոր մարդկանց:
Ինչ վերաբերում է իր անկատար երազանքներին, ապա մաեստրոյի խոսքով, դրանց ցուցակը շատ երկար է:
«Ինձ մտահոգում է պատասխանատվության պակասը: Մենք միշտ ինչ-որ պատճառ ենք գտնում մարդկանց, երևույթի մեղադրելու համար: Այնպես է թվում, թե հեռուստատեսությունն ու ինտերնետն են մեղավոր մարդու բարոյական արժեքներ բացակայության համար»,-անկեղծացավ Բարենբոյմը:
Նա նշեց, որ պայքարում է երաժշտական կրթությունը տարածելու համար` սկսած հանրակրթական դպրոցներից:
«Երաժշտությունը համախմբում է մարդու մտավոր և ֆիզիկական աշխարհը:բառերով չեմ կարող ասել, թե ինչ է երաժշտությունը»,-ասաց մաեստրոն:
Անի Կարապետյան