Ծաղկաձորում անցկացվող «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնին մասնակցում է նաև ղազախ ռեժիսոր Շարիֆա Ուրազբաևան, ով նաև «Ոսկե Ծիրանին» մասնակցության փորձ ունի:
«Հայաստանը, Երևանն իմ երկրորդ տունն է դարձել»,- ասում է նա: Հետո շարունակում, թե ղազախների և հայերի միջև ընդհանրություն կա` երկուսն էլ հյուրասեր և «տաք» ժողովուրդ են: Շարիֆան գոհ է նաև փառատոնի կազմակերպվածությունից և բովանդակությունից. «Կինոփառատոնը կազմակերպված է բարձր մակարդակով շատ ջերմ է վերաբերմունքը մասնակիցների նկատմամբ, ճիշտ է արված ֆիլմերի ընտրությունը` խաղարկային, վավերագրական, անիմացիոն, բնականաբար, հասուն են նաև կինոդիտումներին հաջորդած քննարկումները: Ես կցանկանայի ևս մեկ անգամ և շատ անգամներ Հայաստանում լինել»:
Այստեղ Շարիֆան անկեղծացավ և ասաց, որ իրեն դուր է եկել հայ ռեժիսորներից հատկապես Անդրանիկ Հարությունյանի «Արտ հոթել» ֆիլմը, որը պատմում է հին «Արտ հոթելի» հավաքարար` 35-ամյա Կարմենի և հյուրանոցի այցելու, պլաստիկ վիրաբույժի միջև ծագած կռվի ու դրանից հետո վերաճած սիրո մասին: Ի դեպ, գործողությունները զարգանում են զուգարանում:
«Ես կուզեի այս ֆիլմը Ղազախստանում ցուցադրել անպայման»,- շեշտեց նա:
Անդրադառնալով հայ երիտասարդների ընդհանուր կինոմտածողությանը՝ Շարիֆան խորհուրդ տվեց վերադառնալ ազգայի արմատներին և չկտրվել դրանից երբեք:
«Ես կցանկանայի հայ ռեժիսորների ֆիլմերում տեսնել հայ հերոսներին, հայի ազգային դեմքը: Թմրամոլությունը, աբորտը համամարդկային խնդիր է, անօթևանների և լքվածների ևս ամեն տեղ կարելի է հանդիպել, այնպես որ՝ պետք է ցույց տալ ազգային կինո: Փարաջանովի, Կիմ Կի Դուկի, ինչու չէ, նաև իրանական ֆիլմերի հաջողությունը հենց այն է, որ նրանք ազգայինն են ցույց տալիս: Մենք չպետք է վախենանք ցուցադրել մեր ազգային կենցաղը, օրինակ, ինձ հետաքրքիր կլիներ տեսնել, թե ինչպես եք դուք ազգային կերակուրներ պատրաստում, ձեր մշակույթը, սովորույթները: Մենք պետք է ցույց տանք մեր դեմքը, որ աշխարհը տեսնի, թե ինչ ենք մեզանից ներկայացնում: Ոչ Եվրոպային, ոչ ուրիշ մեկին մենք պետք չենք, մենք մեզ ենք պետք»,- եզրափակեց ղազախ ռեժիսորը:
«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի աշխատակազմ